17 Հունվարի, 2023

«Ինձ համար ցավալի է, որ Ալիևի հերյուրանքներն ու սպառնալիքները սովորական են դառնում մեր ականջին, և որ ամենավատն է, սովորական է դառնում նաև դրանց չպատասխանելը»։ Այս մասին Այլընտրանքային նախագծեր խմբի նախաձեռնած «Ինչպես Հայաստանն արձագանքեց Ալիևին» թեմայով քննարկմանն ասաց ԱԺ նախկին պատգամավոր Շաքե Իսայանը։

Նրա խոսքով` 2020 թվականը պետք է մեզ համար դաս լիներ, մինչդեռ հետևություններ չեն արվել։ Իսայանը հետևել է մամուլի հրապարակումներին և ոչ մի տեղ Ալիևի հայտարարություններին պաշտոնական ոչ մի համազոր արձագաnք չի տեսել։

Նախկին պատգամավորի դիտարկմամբ` չի կարելի անարձագանք թողնել սպառնալիքը, չի կարելի սպառնալի հայտարարություններն անլուրջ ընդունել:

«Արձագանք եղել է միայն ԱԳՆ խոսնակի մակարդակով, այն էլ միայն Զանգեզուրի հետ կապված։ Տրամաբանական մի շարք հարցեր են առաջանում՝ պաշտոնական Երևանը չունի՞ ասելիք, համամի՞տ է հնչեցրած պահանջներին։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները մենք չունենք»,- ասաց Շաքե Իսայանը։

Ամեն դեպքում, ըստ Իսայանի, տոտալ անտարբերության վերաբերյալ կարծիքը միֆ է, հասարակության մոտ կա մտահոգություն, տագնապային իրավիճակ, մեծ անորոշություն։

«Չի կարող բանական էակը լսել, որ մեզ տալիս են մեկ տարի վերջնաժամկետ, սպառնում են նոր պատերազմով ու նրա մոտ տագնապ չառաջանա։ Այլ հարց է, որ փակուղային վիճակ է, հասարակությունն իշխանությունից, ընդդիմությունից պահանջում է ճանապարհային քարտեզ, հստակ առաջարկներ, վերնախավերն էլ հասարակությունից են սպասում քայլերի, նախաձեռնությունների։ Արձագանքը պետք է գար վերնախավերից, որին ցավոք ականատես չեղանք»,-ասաց նա։

kotayk

Լրահոս