Մեկ հիվանդի վրա ծախսվել է կրկնակի քիչ գումար, քան դուրս է գրվել բյուջեից, մեկ հետազոտության համար մի քանի անգամ է հատկացում արվել, բազմաթիվ գնումներն արվել են մեկ անձից: Սրանք թերացումների մի մասն են, որ արձանագրվել են Առողջապահության նախարարության կողմից 2020 թվականին Կորոնավիրուսային համաճարակի ժամանակ:
Արձնագարողն էլ ոչ ավել, ոչ պակաս Հաշվեքննիչ պալատն է: Օրեր առաջ Ազգային ժողովը մարտաֆիլմ էր հիշեցնում, մի կողմում ՔՊ պատգամավորներն էին, այդ թվում նաև նախկին Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, մյուս կողմում Հաշվեքննիչ պալատի ներկայացուցիչները Ատոմ Ջանջուղազյանի գլխավորությամբ:
Ջանջուղազյանը պնդում է, որ 2020-ին Կառավարության պահուստային ֆոնդից հատկացված 26 միլիարդ դրամը Արսեն Թորոսյանի գլխավորած կառույցը պատշաճ չի վերահսկել ու պլանավորել։
«Ռազմավարական պլան ունեցե՞լ ենք թե ոչ, հարց եմ տալիս, չեք պատասխանում: Ասում եք կարող էինք ավելի լավ աշխատել, այո՛, այստեղ այդ դեպքում ավելի շատ բան կիներ, երբ որ ավիավթարի մասին դատողություն ենք անում, չենք կարող ասել, որ զոհերից բացի այսքան ավիափոխադրում է իրականացվել:
Մի արձանագրային որոշմամբ սահմանվել են ուղղություններ, մոտավորապես 20 մլրդ դրամի, բայց փաստացի 26 միլիարդ դրամի ծախս է եղել, որը որևէ կապ չի ունեցել այդ ուղղությունների հետ»,- Աժ-ում քննարկման ժամանակ ասաց Ատոմ Ջանջուղազյանը:
Զեկույցում առավել մանրամասն ներկայացված են բոլոր խնդրահարույց կետերը: Ներկայացնենք դրանցից մի քանիսը.
- Նախարարությունը 10 մլրդ դրամ գումարի կատարված ձեռքբերումներից պահեստ մուտքագրել է 2 մլրդ դրամի ձեռքբերումը, իսկ 2 մլրդ դրամ ձեռքբերված ապրանքները չի հաշվառվել:
- Ավելի քան 900 միլիոն դրամի աշխատավարձ և պարգևավճար է հատկացվել այն բուժհաստատություններին, որոնք ներառված չեն եղել կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարող հաստատությունների շարքում:
- Շինարարության և գույքի ձեռքբերման նպատակով 2 մլրդ դրամ միջոցներ են հատկացվել ցանկում չներառված կազմակերպությունների:
- Միջոցներ են հատկացվել ԱՆ համակարգից դուրս այլ կազմակերպությունների 48 472,9 հազար դրամի չափով:
- Հատկացված միջոցներից 3,5 մլրդ դրամ օգտագործվել է ոչ թե հիվանդության բուժման, այլ տարբեր ԲԿ-երին պարգևավճար վճարելու, նյութատեխնիկակական բազան համալրելու համար:
- Մեկ հիվանդի բուժումը քովիդի համար կազմել է 370 հազար դրամ, իսկ այլ հաստատություններում երկու անգամ պակաս 173 հազար դրամ։
Ստացվում է Ջանջուղազյանն ասում է, որ ռազմավարություն չի եղել համաճարակը կառավարելու համար, նախարարությունը այլ բան է գրել, այլ ծրագրեր էր ներկայացրել և դրա համար ստացել 20 մլրդ դրամ գումար, բայց հետո բոլորովին այլ բանի վրա ծախսել ոչ միայն այդ գումարը, այլ մի բան էլ 6 մլրդ դրամ ավելի: Նշենք, որ խոսքը գնում է բյուջեից հատկացված շուրջ 61 միլիոն դոլարի մասին:
Այս չարաշահումների մասին լսելուց հետո թալանի և կոռուպցիայի մասին անվերջ խոսող ՔՊ պատգամավորները ջանասիրաբար արդարանում էին, թե խոսքը ընդամենը 152 միլիոն դրամի մասին է, իսկ Արսեն Թորոսյանն ինչ պիտակավորում ասես որ չտվեց զեկույցին մանիպուլյատիվ, զրպարտող, ոչ հավաստի:
Հարց է առաջանում, այսքանից հետո Արսեն Թորոսյանը, ինչպես շատ իշխանականներ, կխուսափի՞ արդարադատությունից, թե՞ կներգրավվի որպես մեղադրյալ, ինչպես նախկին իշխանության պաշտոնյաները, որոնց չնչին խախտումների համար անմիջապես մեղադրյալ էին կարգում, անմիջապես մտնում դատարան կալանքի հետևից, մինչ քննությունը կպարզեր հանգամանքները։ Այնինչ, մենք տեսնում ենք, որ Թորոսյանը մի բան էլ «մուննաթ է» գալիս, թե պրոֆեսսիոնալ չեն, երբ իրենց քաղաքական թիմը բաղկացած է առավելապես ոչ պրոֆեսիոնալներից:
Բայց չկա ո՛չ դատախազության հարուցած գործը, ո՛չ Փաշինյանի լայվն այն մասին, որ «շոկի մեջ» է կոռուպցիոն այս փաստերից: Չկա ոչինչ, միայն Հակակոռուպցիոն կոմիետի հարուցած քրգործը, այն էլ պարզելու համար այս փաստերը հանցագործությո՞ւն են, թե ոչ: