14 Մայիսի, 2025
Իշխանությունը զորակոչի տարբեր փուլերում արձանագրվող խնդիրների լուծումը տեսնում է ո´չ թե կոռուպցիոն դրսևորումների նվազեցման, առկա «սողանցքների» փակման, զինվորական ծառայությունից խուսափելու պատճառների վերացման համատեքստում, այլ առկա բոլոր ռիսկերի, այսպես ասած, օրինականացման ձևով, գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Այն իշխանությունը, որը հայրենիքի պաշտպանության առաքելությունը նախ հավասարեցնում է սովորական մասնագիտական զբաղվածությանը, ծառայությունը վերածում զուտ աշխատանքի, իսկ հետո հերոս հռչակում ոչ թե կյանքը հայրենիքի համար զոհաբերման պատրաստ ծառայողին, այլ պարզապես հարկ վճարողին, զարմանում է, թե ինչու՞ են մարդիկ խուսափում ծառայությունից, ինչու՞ են մարդիկ երկմտում ընտրելու զինվորականի մասնագիտությունը կամ ինչու՞ են կադրային սպաներն ու պայմանագրայինները զորացրվում», — գրել է նա:

Աբրահամյանի խոսքով՝ Զինված ուժերի ֆունդամենտին, արժեքային համակարգին, գաղափարական հենքին հարված հասցնող իշխանությունը ուզում է համոզել, որ բանակի մարտունակության, համալրվածության, զորակոչի սպառնալից վիճակի հիմքում պարզապես ֆինանսներն են, որոնք նոր սոցիալական բևեռացման և ներհասարակական պառակտման գնով կարելի է փոխել:

Լրահոս