Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է հայազգի անվանի գիտնական, Նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանին, որ Հայաստան է ժամանել ՀՀ էկոնոմիկայի նախարարության կազմակերպած «Գիտության և գործարարության օրեր-2022» միջոցառման շրջանակում:
Ողջունելով անվանի գիտնականին վարչապետը նշել է. «Հարգելի պարոն Փաթափության, ուրախ եմ Ձեզ տեսնելու և ծանոթանալու համար: Ողջունում եմ Ձեր այցը Հայաստանի Հանրապետություն:
Երեկ ուշադիր լսեցի Ձեր ելույթը Երևանի պետական համալսարանի ավարտական միջոցառման ժամանակ և շատ տպավորված եմ: Բնականաբար, այն հաջողությունները, որոնք Դուք ունեք, կարծում եմ, Հայաստանի Հանրապետությունը և ողջ հայ ժողովուրդը սեփականն է համարում: Իհարկե, մեզ համար հպարտանալու մեծ առիթ է, որ վերջապես Նոբելյան մրցանակակիրների շարքում ունենք նաև մեր հայրենակցին: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև Ձեր պատրաստակամության համար աջակցելու Հայաստանում գիտության, կրթության զարգացմանը: Այդ ոլորտում շոշափելի բարեփոխումներ անելը մեր ռազմավարական կարևոր ուղղություններից է և կարծում ենք, որ գիտության, կրթության բարեփոխումներն ունեն ռազմավարական նշանակություն ու պետք է կանխորոշեն մեր երկրի ապագան: Իհարկե, մեր հայրենակիցների ներուժն այս գործում ներգրավելը մեզ համար կարևոր է, եթե նման պատրաստակամություն կա:
Կրկին ողջունում եմ Ձեզ, կուզենայի նաև Ձեր այցի ընթացքի մասին լսել ինչպե՞ս է անցնում, ինչպե՞ս է Ձեր տրամադրությունը և ինչպե՞ս եք անցկացնում ժամանակը Հայաստանում»:
Իր հերթին, Արտեմ Փաթափությանը նշել է. «Ինձ համար մեծ պատիվ է հանդիպել Ձեզ և լինել այստեղ։ Հիանալի այց ունեցա, շոյված եմ այն ընդունելությունից, որ ցույց տվեցիք Դուք և կառավարությունը, բայց որ ամենակարևորն է ազգի կողմից ընդունելությունից։
Իմ հանդիպած ուսանողների աչքերի ուրախությունը իսկապես ապշեցուցիչ է, և կարծում եմ, նույնիսկ ԱՄՆ այսպես չի գնահատում իր երիտասարդ գիտնականներին։ Շատ ուրախ կլինեմ օգնել որևէ կերպ, իմ հնարավորությունների սահմաններում։ Արդեն հանդիպել եմ բազմաթիվ նախարարների, կրթության և գիտության ոլորտի ներկայացուցիչների, նաև մարդկանց, ովքեր բարձր տեխնոլոգիական ընկերություններ են հիմնել։
Համամիտ եմ Ձեր այն մտքի հետ, որ գիտությունն ու տեխնոլոգիաները շատ կարևոր են Հայաստանի կյանքի հաջորդ փուլի համար` ոչ թե միայն տնտեսության, ռազմական ոլորտի, այլ բոլոր ուղղությունների։
Այցելել եմ Սինոփսիս, Թումո, և սրանք հայկական հնարարամտության երկու հրաշալի օրինակներ են, որոնք օգտակար են ոչ միայն արդյունաբերությանը, այլ նաև ներդրում ունեն կրթության մեջ, բարելավում են կրթությունը, որն ապագայում կսնուցի, կօգնի տնտեսությանը։ Հույս ունեմ, որ կարող եմ օգտակար լինել առողջապահության ոլորտում և ինֆորմատիկայի, որը մաթեմատիկական հենք ունի։ Կարծում եմ, որ այն ապագա կենսաբանության մեջ մեծ տեղ կունենա:
Հայաստանն իր սահմանափակ բյուջեով կարող է ռազմավարական մոտեցում ցուցաբերել այն ոլորտներին, որտեղ հնարավորություն ունի կարճ ժամանակահատվածում հասնել առավելագույնի։ Կարծում եմ կան որոշակի ուղղություններ, որտեղ կարող ենք մրցակցել, կան նաև ուղղություններ, որտեղ իմ կարծիքով իմաստ չունի փորձել դառնալ լավագույնը։ Կրկնում եմ, ուրախ կլինեմ օգնել իմ կարողությունների սահմաններում։ Շատ ոգևորված եմ այն ընդհանուր հակակոռուպցիոն շարժման համար, որ դուք սկսել եք, որն արդեն արտացոլվում է ակադեմիկական շրջանակում»։
Այնուհետև զրուցակիցները քննարկել են ՀՀ-ում գիտության և կրթության ոլորտի խնդիրներին ու կառավարության նախաձեռնած բարեփոխումներին վերաբերող հարցեր: Վարչապետը նշել է, որ գործադիրը պատրաստվում է մինչև 2026 թվականը շարունակական ավելացնել գիտության ոլորտի ֆինանսավորումը և հավելել, որ այն արդեն իսկ ավելացել է 80 տոկոսով: Նիկոլ Փաշինյանն առանձնակի կարևորել է գիտական արտադրանքի արդյունավետության բարձրացումն ու բարձրագույն կրթության ոլորտում հետազոտական աշխատանքի ընդլայնումը:
Կառավարության ղեկավարը կարևորել է Արտեմ Փաթափությանի դիտարկումները, առաջարկություններն ու խորհուրդները վերը նշված ուղղություններով բարեփոխումներն առաջ մղելու գործում: Միաժամանակ, վարչապետն ընդգծել է, որ պարոն Փաթափությանի օրինակը ոգևորիչ է երիտասարդների համար և վստահություն հայտնել, որ նրա այցը կոգեշնչի նրանց:
Արտեմ Փաթափությանը նշել է, որ պատրաստ է իր գիտելիքներով, փորձով ու ներուժով նպաստել ՀՀ-ում գիտության և կրթության զարգացմանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանին Կենսաբանության բնագավառում ձեռք բերված ակնառու նվաճումների, բժշկագիտության զարգացման գործում ներդած նշանակալի ավանդի համար պարգևատրել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով: