-«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշել է Իշխան Սաղաթելյանին հեռացնել ԱԺ փոխնախագահի, Ձեզ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից պարտականությունները չկատարելու պատճառաբանությամբ։ Ինչպե՞ս եք մեկնաբանում այդ որոշումը։
– Նրանց քայլերն ինձ համար ոչինչ են։ Նրանք հիմա նույն հաջողությամբ հանձնում են Արցախը, քանդուքարափ են անում մեր երկիրը, պետականությունից են ուզում մեզ զրկել, թուրքական օրակարգն են սպասարկում։ Իսկ այդ որոշման մեջ վենդետայի տարրեր կան, իրենց պատկերացմամբ ցավացնելու են։
–Բայց չե՞ք կարծում, որ, այնուամենայնիվ, Ձեր տևական բացակայությունները պետք է դրան հանգեցնեին։
-Ճիշտն ասած ինձ համար միևնույն է։ Ո՛չ մանդատը, ո՛չ մշտական հանձնաժովի նախագահի պաշտոնը իմ երազանքների գագաթնակետը չեն։ Մենք հիմա այլ խնդրի առաջ ենք կանգնած, պետք է այնպես անենք, որ Նիկոլ Փաշինյանն իր շքախմբով լքի մեր քաղաքական դաշտն ու առհասարակ մեր կյանքը։
–ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը Parliamentmonitoring.am-ի հետ զրույցում ասել է, թե «կան հիմնավորումներ, որ պարոն Հակոբյանը չի էլ տիրապետում այն գիտելիքին, որով պետք է համակարգի տնտեսական հարցերի հանձնաժողովը»:
-Արթուր Հովհաննիսյանն ո՞վ է, իմ նախկին աշխատո՞ղը։ Նա այնքան ռիսկ ունի, այնքան դուխ է հավաքել, որ իմ մասին ինչ-որ մեկնաբանությո՞ւն է անում։ Ես առհասարակ չեմ ուզում նրա մասին խոսել։
–ՔՊ-ն նաև չի բացառում, որ ձեր խմբակցության 10 պատգամավորների կարող են զրկվել մանդատից։
-Նորից եմ ասում, նրանց ցանկացած քայլ ինձ համար ոչինչ է։ Թող զրկեն, թող դրա համար դիմեն Սահմանադրական դատարան։ Դա իրենց կամ իմ կյանքում ինչ է փոխելու։ Ոչինչ։
–Դուք հայտարարել եք, թե օգոստոսի 2-ից հետո Նիկոլ Փաշինյանի նկատմամբ իմպիչմենթի գործընթաց եք սկսելու։ Ինչո՞ւ եք նման քայլի գնում․ ԱԺ-ում նրանք մեծամասնություն են և կտապալեն ձեր այդ նախաձեռնությունը։
-Մենք օգտագործելու ենք ցանկացած գործիքակազմ, այդ քայլին էլ կգնանք, անկախ հանգամանքից փոքրամասնություն ենք, թե մեծամասնություն։ Կփորձենք զարգացնել փողոցային պայքարը։ Ամեն ինչ զուգահեռ ենք անելու։
–Դուք շուրջ 2 ամիս փողոցային պայքար էիք ծավալել, բայց այն հանրային մեծ աջակցություն չստացավ։ Դիմադրության շարժումը չկարողացավ մեծ հրապարակներ լցնել։ Ինչպե՞ս պետք է հասնեք Նիկոլ Փաշինյանի հեռացմանը։
-Պարտադիր չէ մեծ հրապարակներ լցնել։ 2018թ․Փաշինյանը ԱԺ-ն ընդամենը 5000 հոգով շրջափակեց ու մեզ բերեց թուրքամետ քաղաքականությունը։ Մենք քանակի հետևից չենք ընկնում, միևնույն է, թե որքան մարդ կգա 50 հազար, թե 10 հազար։ Կարևոր է, որ մեր երկրում դեռ կա այն գիտակից ժողովուրդը, որը շատ հստակ հասկանում է, թե մենք ուր ենք գնում։
–Իսկ նրանց ո՞ր քայլն է թուրքամետ։
-Հրահրած պատերազմը, այդ ժամանակ վարած դավաճանական ուղին։ Նա ժողովրդին շանտաժ է անում, թե եթե մենք զիջումների չգնանք, նոր պատերազմի առջև կկանգնենք չուզենալով հիշել Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցության մասին մեր համաձայնագիրը։ Դեռ ՀԱՊԿ-ը մի կողմ դնենք։
–Բայց ՌԴ-ն մեզ չօգնեց, երբ Ադրբեջանի զինուժը մտավ Սև լճի տարածքը և Վարդենիս։
-Բա պատերազմի ժամանակ այդ զենքը որ անդադար գալիս էր, ո՞վ էր ուղարկում։ Իսկ երբ մտան Սյունիք, այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը պետք է ՀԱՊԿ դիմեր օգնություն խնդրելու։ Դա չարվեց։ Հոկտեմբերի 19-ին պատերազմը կանգնեցնելու մասին ՌԴ նախագահ Պուտինի առաջարկը չընդունեց։ Այն ժամանակ ադրբեջանցիները հեռու էին, ի՞նչ Հադրութ, ի՞նչ Շուշի։ Ինչո՞ւ չկանգնեցրեց․որովհետև մտածում էին ադրբեջանցիները քի՞չ հող էին վերցրել։ Էլ ի՞նչ ասեմ, որ պարզ դառնա։ Թուրքերի առաջ դողացող, վախկոտ անձնավորություն է։ Իսկ ինչո՞ւ մինչև 2018թ․ ՌԴ-ն մեր բարեկամն էր, Արցախը բարգավաճում էր։
–2016թ․ ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե Հայաստանը չունի այնպիսի դաշնակից, ինչպիսին Թուրքիան է Ադրբեջանի համար։ Այսինքն, Սերժ Սարգսյանն էլ էր հասկացնում, որ ՌԴ-ն իրականում ՀՀ-ի դաշնակից չէ և այնպես չի աջակցի մեր երկրին, ինչպես Թուրքիան Ադրբեջանին։
– Դրանք աշխարհաքաղաքական բաներ են, որոնք ամեն վայրկյան փոխվում են։ Այդ օրը միգուցե մենք նման աջակցություն չունեինք, բայց վաղը, կարող է, ունենայինք։ Այս տարածաշրջանի «տիրություն» անողը կամ թուրքերն են, կամ ռուսները։ Մենք պիտի ընտրենք։ Նիկոլն ընտրել է թուրքերին։
–44–օրյա պատերազմից հետո Թուրքիան մտավ մեր տարածաշրջան ոչ միայն Ադրբեջանին աջակցելով, այլ նաև ՌԴ-ի հետ մոնիթորինգի կենտրոն հիմնեց Արցախիգրաված տարածքում։ Դա ՌԴ-ի համաձայնությամբ եղավ։
-Ինչպես տեսնում եք, ռուսները հիմա կռվում են ողջ աշխարհի դեմ։ Պատճառները, թե ինչու նրանք մտան, ով է ճիշտը կամ սխալը, դնենք մի կողմ։ Պետք է հիմա հասկանանք, որ ՌԴ-ն ունի բազմաթիվ խնդիրներ, բայց մենք դրանց շարքում ինչ-որ 12-րդ տեղում ենք։ Մեր խնդիրն է ՌԴ-ին ուշքի բերելը, թե եղբա՛յր, որքան էլ այդտեղ զբաղված ես, մի՛ մոռացիր քո հարավային սահմանների մասին։ Պարզ է, չէ՞, որ հենց Արցախը հայտնվեց Ադրբեջանի կազմում, ՌԴ-ն այստեղ անելիք չի ունենա, ՌԴ-ին այստեղից վտարելու լոբինգը անգամներով է ավելանալու, 102-րդ ռազմաբազայի ներկայությունն է այստեղ անիմաստ դառնալու, էլ չասած խաղաղապահ զորքերի մասին։ Մեր ու ՌԴ-ի այսօրվա տրամադրվածությունը նույնն է Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ ՌԴ-ին էլ պետք է, որ խնդիրը ձգվի, որպեսզի իրենք այստեղ ներկայացված լինեն։
–Բայց չէ որ ՌԴ նախագահ Վ․Պուտինն է պատերազմից անմիջապես հետո 2020թ․ դեկտեմբերին հայտարարել, թե Ղարաբաղը Ադրբեջանի մաս է։
-Կա դիվանագիտություն հեռուստացույցի մեջ, և կա դիվանագիտություն հեռուստացույցից դուրս։ Ռեալը դրսինն է։
–Այդ դեպքում, ինչո՞ւ ՌԴ-ն Արցախի ժողովրդի ինքնորոշման ու այլ իրավունքների մասին չի խոսում։
-Միգուցե ժամանակը կգա, կամ իրադարձություններն այնպես կփոխվեն, որ կխոսեն։
–Ասում եք կզարգացնեք փողոցային պայքարը։ Ի՞նչ ծրագրեր ունեք։
-Դրա մասին դեռ վաղ է խոսել, որովհետև իրադարձությունները շատ արագ են զարգանում, վաղը, կարող է, մենք ինչ-որ շտկումներ մտցնենք կամ ծրագրեր փոխենք։ Բայց այս աշունը 100 տոկոս շատ ավելի թեժ է լինելու, քան գարունն էր կամ անցած ամիսը։ Նիկոլը հիմա կլինիկական մահվան մեջ է, դա կտևի 3, թե 6 ամիս, էական չէ։ Ես չեմ հասկանում այդ մարդու տրամաբանությունը։ Վերջին ասուլիսին էլ հստակ մեսիջներ ուղարկեց, թե ժողովուրդ ջան, մենք Բերձորն ու Լաչինի միջանցքը պետք է հանձնենք։ Որտե՞ղ է գրված, որ այդ բնակավայրերը պետք է հանձնվեն։ Նաև նախապատրաստեց, որ «Արցախն Ադրբեջանի կազմում» թեզին։
–Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ է նախատեսված, որ պետք է հանձնվեն։
-Բնակավայրերի մասին խոսք չկա, ճանապարհների ու ենթակառուցվածքների մասին է խոսքը։ Իսկ Ադրբեջանն իր պարտավորությունները կատարե՞լ է։ Երբ որ միակողմանի զիջումների է գնում, ինչո՞ւ չի պնդում գերիներին վերադարձնելու հարցը։ Իրենք ոչինչ չեն անում, որ վերադարձնեն։ Ադրբեջանի զինված ուժերը երբ տասնյակ կիլոմետրերով առաջ եկան ու Կապան մտան, 2 ճանապարհը վերցրեցին, դա որտե՞ղ էր գրված։
–Իսկ սեպտեմբերին կվերադառնա՞ք ԱԺ։
-Միայն մեր օրակարգով։ Ինչ-որ իրենք են բերելու, իհարկե, ոչ։