30 Օգոստոսի, 2022

Մինսկի խմբի ձևաչափում բանակցություններն ընթացել են կողմերի կողմից ընդունված 3 սկզբունքների հիման վրա տարածքային ամբողջականություն, ինքնորոշում և ուժի չկիրառում։ Տարածքների և ուժի կիրառման հարցը Բաքուն «լուծել է» Ռուսաստանի օգնությամբ, և հայկական կողմը դա չի վիճարկել։ Միաժամանակ հայկական կողմը չի բարձրացնում նաև կարգավիճակի հարցը նշելով, որ գլխավորը «ոչ թե տարածքներն են, այլ Արցախի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը»։

Արցախի հասարակական կազմակերպությունների հայտարարության մեջ խոսվում է վերածնված Մինսկի խմբի մասին, թեև ՄԽ համանախագահներից մեկը Ռուսաստանը, արգելափակում է բանակցությունները վերսկսելու բոլոր փորձերը։ Վաշինգտոնը ամերիկացի բարձրաստիճան դիվանագետ Ֆիլիպ Ռիքերին նշանակեց Մինսկի խմբի համանախագահ և լիազորեց աշխատել նաև Եվրամիության հետ։ Օգոստոսի 31-ին Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում։

Այս հանդիպման նախօրեին Արցախի Անվտանգության խորհուրդը որոշել է, որ Հայաստանը Արցախին կապող նոր ճանապարհով երթևեկությունը կսկսվի ոչ թե սեպտեմբերի 1-ին, ինչպես հայտարարվել էր, այլ օգոստոսի 30-ին ժամը 20:00-ին։ Այսինքն Բրյուսելում կայանալիք հանդիպման ժամանակ պետք է հայտարարվի Բերձորի, ինչպես նաեւ միջանցքի վերջնական հանձնման մասին։

Արցախցի պատգամավորներն ասում են, որ ռուսական կոնտինգենտի հրամանատարության հետ հանդիպմանը ռուսներն այդպես էլ չեն պատասխանել հարցին, թե արդյոք նոր երթուղին միջանցքի կարգավիճակ կունենա։ Արցախի Անվտանգության խորհրդի հաղորդագրության մեջ նշվում է, որ նոր ճանապարհը նման կարգավիճակ կունենա, սակայն ռուսական կողմը դա չի հաստատում։ Այդ մասին Երեւանում էլ չեն խոսում։

Ուկրաինական իրադարձությունների ֆոնին, որտեղ ամերիկյան զենքն ու քաղաքական աջակցությունը փոխեցին պատերազմի ընթացքը, Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորմանը ԱՄՆ ակտիվ և համախմբված միջամտությունը կարող է փոխել իրավիճակը նաև մեր տարածաշրջանում։ Բայց դրա համար հայկական կողմից նախաձեռնություններ են պետք, հայկական կողմը չպետք է տրվի ՌԴ ճնշումներին, որը կիրառում է Կոլցո գործողության ժամանակ փորձարկված մեթոդը վախեցնել հայերին թուրքերով և «երաշխավորել» անվտանգությունը, եթե հայերը լքեն իրենց տները։

Արցախի խորհրդարանը ողջունել է Ֆիլիպ Ռիքերի նշանակումը և Մինսկի խմբի գործունեության հավանական վերսկսումը։ Հայաստանի ԱԳՆ-ն միայն հայտարարեց, որ «ոչ ոք չի չեղարկել Մինսկի խմբի մանդատը», իսկ Փաշինյանը և Պուտինը վերահաստատեցին իրենց հավատարմությունը եռակողմ հայտարարություններին։

Lragir.am

Լրահոս