15 Սեպտեմբերի, 2022
 «Փաստ» օրաթերթը գրում է

Տարրական տրամաբանությունը հուշում էր, որ Նիկոլ Փաշինյանը վաղուց պետք է հեռացած լիներ պաշտոնից կյանքում մեկ անգամ օգտակար լինելով մեր երկրին ու ժողովրդին երկիրը փրկելու հնարավորություն տալով: Բայց, ըստ երևույթին, իր աթոռն ավելի թանկ է, քան երկիրը, քան պետականությունը: Ավելին, ոչ միայն իր թիմի հետ միասին նման քայլի չի գնում, այլև քպականները պարզապես զբաղված են առօրյա, երկրորդական հարցերով իբր գործ են անում: Հետն էլ նեղանում են, թե այս ծանր օրերին մարդիկ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, թե միասնականություն չեն ցուցաբերում: Ու ոչ մի խոսք, որ այս ծանր վիճակի գլխավոր պատճառը հենց իրենք են: Երեկ Փաշինյանը նույնիսկ պարզ հայատարարեց, որ պատրաստվում է ստորագրել հերթական փաստաթուղթը. «Մենք ուզում ենք ստորագրել մի թուղթ, որի արդյունքում լիքը մարդ մեզ կքննադատի, լիքը մարդ կհայհոյի, լիքը մարդ դավաճան կասի, նույնիսկ կարող է ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնի։

Էլի գոհ ու շնորհակալ կլինենք, եթե դրա արդյունքում Հայաստանի Հանրապետությունը 29 հազար 800 քառակուսի կմ տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն։ Այն որոշումը, որ սա ապահովելու է, ես, շատ հստակ ասում եմ, ստորագրելու եմ։ Ինձ չի հետաքրքրում հետո ինչ կլինի ինձ հետ, ինձ հետաքրքրում է ինչ կլինի հետո Հայաստանի հետ»։

ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը նշում է, որ այս իշխանությունն արել և շարունակում է անել քայլեր, որոնք մեկ բառով կարելի է հակապետական, հակահայաստանյան քայլեր անվանել: «Այս իշխանությունը, որը կործանել է մեր անվտանգային համակարգը, որը հետևողականորեն քանդել է մեր դիվանագիտական համակարգը, պետական համակարգից հետևողականորեն հեռացրել է պրոֆեսիոնալներին, ինչպե՞ս կարող է ի նպաստ պետականության որևէ քայլ անել: Այսօր ոչ թե իշխանափոխության, այլ ուղղակի պետության գոյության խնդիրն է դրված:

Այս իշխանության գոյության պարագայում ուղղակի հնարավոր չէ որևէ քայլ անել: Մեր պետության փրկությունն սկսվում է այս իշխանության հեռացմամբ: Եթե ոչ, ապա իրենք մնալու են մինչև այս պետության վերջնական կործանումը»,- «Փաստի» հետ զրույցում ասաց Մելքոնյանը հավելելով, որ մեր պետությունը պատանդ է այս իշխանության ձեռքին:

Հայաստանի գործող իշխանությունների հետ կապված նման տեսակետ ունի նաև «Ռազմինֆո» կայքի վերլուծաբան Ռոբերտ Նազարյանը: «Մի հայտնի բանաձև կա «պատերազմի համար մի կողմ է պետք, խաղաղության համար երկու կողմ: Մեր դեպքում խաղաղության համար մի կողմ կա, որը խաղաղության օրակարգ է հորինել ու առաջնորդվում դրանով: Խոսքը ՀՀ գործող իշխանությունների մասին է, որոնք, իմ կարծիքով, չեն ներկայացնում Հայաստանի Հանրապետության շահերը»,- մեզ հետ զրույցում ասաց փորձագետը:

Մանրամասները «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

 

Լրահոս