3 Նոյեմբերի, 2022

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ավարտվել է զնծառայողների կողմից, ռազմական դրության պայմաններում, իրենց պարտականությունները կատարելուց հրաժարվելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով 10 սպայի մասով նախաքննությունը: ՔԿ-ից հայտնում են, որ իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ:

Մասնավորապես քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի դեմ սանձազերծած և վարած ագրեսիվ պատերազմի ընթացքում, հայտարարված ռազմական դրության պայմաններում, N զորամասի հրամանատարի 2020 թվականի հոկտեմբերի 18-ի համապատասխան հրամանով զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի անձնակազմը մեկնել է մարտական գործողություններին մասնակցելու, սակայն գումարտակի մի շարք զինծառայողներ, այդ թվում հրամանատարը և 9-ը սպա, ճանապարհին հրաժարվել են զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումից և այն փաստացի դադարեցնելով վերադարձել են զորամասի մշտական տեղակայման վայր: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ գումարտակի հրամանատարին և 9 սպաներին մեղադրանք է ներկայացվել 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է 2022թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգքրի 529-րդ հոդվածի 3-րդ մասին):

Նշված 10 սպաների վերաբերյալ առանձնացվել է նոր վարույթ, որը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին դատարան ուղարկելու հարցը որոշելու համար:

Լրահոս