28 Նոյեմբերի, 2022

Պեմզաշենում մոր և երկու երեխայի առանձնակի դաժանությամբ սպանության գործով կալանավորված 32-ամյա Վրույր Բարսեղյանի նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություն է նշանակվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք Պեմզաշենում մոր և երկու երեխայի սպանության գործով կալանավորվել են Վրույր և Արկադի Բարսեղյանները։ Վրույր Բարսեղյանին և Արկադի Բարսեղյանին մեղսագրվում է ավազակային հարձակումը, ինչպես նաև 31-ամյա Զարինեի սպանությունը, իսկ Վրույրին նաև ցուցաբերված առանձնակի դաժանությունը մոր և նրա երկու երեխային սպանելիս։ Բացի այդ, Վրույր Բարսեղյանը մեղադրվում է նաև սպանված 12-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնություն գործադրելու մեջ։ Ասել է թե ՔԿ-ն գրեթե ամբողջ մեղքը վերագրել է 32-ամյա Վրույր Բարսեղյանին, ապա շտապել նշել, որ Վրույր Բարսեղյանն ունի «անձի էմոցիոնալ խանգարում սուիցիդալ մտքերով» հոգեկան հիվանդությունը։ «Փաստինֆո»-ն ավելի վաղ անդրադարձել է այս հարցին ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ Քննչական կոմիտեն շտապել է նրա հոգեկան հիվանդ լինելը որպես հաստատված հանգամանք նշել առանց փորձաքննության։

Ի վերջո, ՔԿ-ն Բարսեղյանի նկատմամբ դատահոգեբանական-դատահոգեբուժական համալիր փորձաքննություն է նշանակել դեպքից շաբաթներ անց, իսկ թե փորձաքննությունը ստացիոնա՞ր է անցկացվում, թե ոչ ՔԿ-ից մանրամասներ չհայտնեցին։

ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությունից «Փաստինֆո»-ն պարզեց, որ Վրույր Բարսեղյանն այս պահին գտնվում է ՔԿՀ-ում։ Այլ խոսքով փորձաքննության իրականացման համար Բարսեղյանին հոգեբուժական կենտրոն չեն տեղափոխել։ Սա վկայում է երկու հանգամանքի մասին փորձաքննության կատարումը դեռ չի սկսվել, կամ էլ նշանակվել է ամբուլատոր փորձաքննություն։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Գյուղի տներից մեկում հայտնաբերվել է երեք դի։ Մահացածներն են մայրը 31-ամյա Զարինեն, ու նրա երկու երեխաները 12 տարեկան դուստրը և 8 տարեկան որդին։ Իրավապահ մարմինները հայտնել էին, որ տան ննջասենյակի մեկտեղանի մահճակալին հայտնաբերվել է արական սեռի երեխայի դի կրծքավանդակի հատվածում կտրած-ծակած վերքերով ձեռքերը և ոտքերը կապած վիճակում, նույն ննջասենյակի հատակին հայտնաբերվել է իգական սեռի երեխայի դի կրծքավանդակի հետին մակերեսին և որովայնի հատվածներում կտրած-ծակած վերքերով, իգական սեռի դի որովայնի և կրծքավանդակի հատվածներում ու կրծքավանդակի հետին մակերեսին կտրած-ծակած վերքերով ձեռքերը հետնամասում թելով կապված վիճակում: Դաժան սպանության կասկածանքով նոյեմբերի 12-ին ձերբակալվել էր Շիրակի մարզի 32-ամյա բնակիչը, որը ոստիկանությունում տվել է ինքնախոստովանական ցուցմունք, հաջորդ օրը ձերբակալվել է նաև հանցանքը ենթադրաբար կատարած երկրորդ անձը 41-ամյա տղամարդ։

Տղամարդիկ ազգականներ են, երկուսն էլ ամուսնացած են, ունեն երեխաներ։ Սպանված կնոջ ամուսինը ՌԴ-ում էր արտագնա աշխատանքի, վերադարձել է ողբերգական դեպքից հետո։ ՔԿ տարածած հաղորդագրության համաձայն մեղադրյալները տուն մուտք են գործել գումար հափշտակելու համար, սակայն, տանտիրուհուց իմանալով, որ տանը գումար չկա, իրենց կողմից կատարված հանցագործությունները թաքցնելու նպատակով, նախ կապել և միմյանց գործողությունները փոխլրացնելով առանձին դաժանությամբ սպանել են կնոջը, ապա 32-ամյա տղամարդը, կատարված հանցանքները թաքցնելու նպատակով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կապել է երեխաների ձեռքերն ու ոտքերը և խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ: Տղամարդկանցից մեկին 32-ամյա Վրույր Բարսեղյանին, մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 8-րդ և 13-րդ կետերով, 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ , 5-րդ, 6-րդ և 13-րդ կետերով (երկու դրվագ) այլ հանցանքը թաքցնելու նպատակով մի խումբ անձանց կողմից առանձին դաժանությամբ սպանության և անօգնական վիճակում գտնվող երկու անչափահասին առանձին դաժանությամբ սպանության համար,

252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով բնակարան ապօրինի մուտք գործելով ավազակության համար և 198-րդ հոդվածի 4-րդ մասով 12 տարին չլրացած անձի նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու համար։ Մյուս մեղադրյալին 41-ամյա Արկադի Բարսեղյանին, որը, ըստ մամուլի, Նիկոլ Փաշինյանի աջակիցն է, մեղադրանք է ներկայացվել այլ հանցանքը թաքցնելու նպատակով մի խումբ անձանց կողմից սպանություն կատարելու և բնակարան ապօրինի մուտք գործելով ավազակության համար։ Երկուսն էլ կալանավորված են։

Լրահոս