Հակակոռուպցիոն դատարանը դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանին կալանքի տակ պահելու որոշում է կայացրել։ Այս մասին Bavnews.am-ը տեղեկացավ նրա փաստաբան Զորայր Հարությունյանից։
«Ակնհայտ ապօրինի որոշում էր։ Դատարանի որոշման ստացումից հետո վերաքննիչ բողոք ենք ներկայացնելու»,- ասաց փաստաբանը։
Նշենք, որ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետը կալանավորվել է դեկտեմբերի 23-ին Վճռաբեկ դատարանի որոշմամբ։
Մեղադրանքի համաձայն Արշակ Հակոբյանը, 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ զբաղեցնելով ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը եւ հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ, ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում դիտավորությամբ թաքցրել է հայտարարագրման ենթակա տվյալներ, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը, ինչպես նաեւ, ենթադրաբար, օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը` 22.007.259 ՀՀ դրամը: