26 Հունվարի, 2023

«Փաստ» օրաթերթը գրում է.

«ՊԵԿ-ի հրապարակած ցուցանիշներից պարզ է դառնում, որ 2022 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 490 միլիարդ 115 միլիոն դրամ: Ինչպես և 2021 թվականին, Հայաստանի ամենամեծ հարկատուն շարունակում է մնալ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը տարեկան վճարել է մոտ 144 միլիարդ դրամ հարկ:

Սա փաստացի բոլոր 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետբյուջե մուտք եղած գումարի մոտ 9,5 տոկոսն է: Ուշագրավ է, որ 2021 թվականի համեմատ 2022 թվականին ԶՊՄԿ-ի վճարած հարկերը ավելացել են 2,3 անգամ կամ մոտ 81 մլրդ դրամով: Երկրորդ մեծ հարկատուն «Գազպրոմ Արմենիան» է վճարած 52,2 միլիարդ դրամ հարկերով։ Այս կազմակերպության վճարած հարկերը նախորդ տարվա համեմատ ավելացել են մոտ 5 մլրդ դրամով կամ շուրջ 11 տոկոսով: Երրորդ տեղում ծխախոտի արտադրությամբ ու արտահանմամբ զբաղվող «Գրանդ տոբակոն» է 45 միլիարդ դրամի չափով վճարած հարկերով։ Չորրորդ հորիզոնականում «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ընկերությունն է, 5–րդում Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը, վեցերորդ խոշոր հարկատուն «Ֆիլիպ Մորրիս Արմենիան» է, «Մոբայլ սենթր արթ» ՍՊԸ-ն յոթերորդն է, «Ջեյ թի այ Արմենիան» ութերորդը, «Սի փի էս էներջի գրուպը» իններորդը: Խոշոր հարկատուների տասնյակը եզրափակում է «ՄՏՍ Հայաստանը»:

Բավականին խոսուն է այն փաստը, որ առաջին 3 հորիզոնականում գտնվող ընկերությունները ապահովել են բոլոր 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետբյուջե վճարված գումարի շուրջ 17 տոկոսը, իսկ առաջին տասնյակում գտնվողները միասին ամբողջի քառորդ մասը: Ըստ տնտեսագետների, սա բավականին ցայտուն ցուցանիշ է Հայաստանի տնտեսության իրական վիճակը պատկերացնելու համար»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում:

Լրահոս