Բարձրագույն դատական խորհուրդը քննելով Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը որոշել է բավարարել այն և դադարեցնել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սուրեն Անտոնյան լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով:
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:
Խորհուրդը հարկ է համարում պարզաբանել, որ որոշման կայացման համար հիմք է հանդիսացել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը, որով արձանագրվել են իրավական որոշակիության, դատական ակտերի վերջնական լինելու սկզբունքների, ինչպես նաև քաղաքացու հիմնարար իրավունքների խախտումներ:
Այնսինքն դատարանը նույն քաղաքացիական գործի շրջանակներում վերադարձրել է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերի բացակայության պատճառաբանությամբ, սակայն շուրջ 6 ամիս անց նույն գործով, նույն կողմի վերստին ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունել, ինչի արդյունքում ստացվել է, որ դատարանի կողմից նույն գործով երկու իրարարմերժ որոշումներ են կայացվել: