6 Փետրվարի, 2023

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2017-2022թթ.-ին Բերդ խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Հ. Մ.-ի որդին Ա. Մ.-ն, առանց համապատասխան շինարարության թույլտվության, 2015-2016թթ. Բերդ քաղաքում կառուցել է 1088,71 քմ մակերեսով ինքնակամ շինություններ, որոնք օրինականացնելու նպատակով Բերդ խոշորացված համայնքի նախկին ղեկավարը, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, շահադիտական դրդումներով կատարել է պաշտոնեական կեղծիք: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Մասնավորապես, տեղեկացված լինելով որդու ինքնակամ շինություններով եռահարկ առանձնատուն կառուցելու հանգամանքի մասին, Հ. Մ.-ն միջոցներ չի ձեռնարկել դրանց շինարարությունը ժամանակին կասեցնելու, ինչպես նաև որդու նկատմամբ վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու ուղղությամբ:

Փոխարենը 2017 թվականի մարտի 13-ին, որդուն հատկացրել է շինարարության թույլտվության վերաբերյալ կեղծ բովանդակությամբ պաշտոնական փաստաթուղթ, որում ձևականորեն ներառել է արդեն իսկ կառուցված բնակելի տան շինարարական աշխատանքներն իբրև ապագայում իրականացված լինելու ժամկետները և այլ տվյալներ:

Այնուհետև 2019 թվականի հոկտեմբերի 15-ին, կազմել և տրամադրել է մեկ այլ պաշտոնական կեղծ փաստաթուղթ ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտ, որում ներառել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ այն մասին, թե իբրև շինարարական աշխատանքները սկսվել են 2017 թվականի մայիսի 14-ին և ավարտվել 2019 թվականի հոկտեմբերի 14-ին:

Արդյունքում Ա. Մ.-ի կողմից կառուցված ինքնակամ շինությունները սահմանված կարգով չեն օրինականացվել, որի հետևանքով Բերդ համայնքի բյուջե չի մուտքագրվել քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարման ենթակա 1.197.581 ՀՀ դրամը, ինչն էական վնաս է պատճառել Բերդ համայնքի շահերին:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Հ. Մ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ), իսկ Ա. Մ.-ին 38-308-րդ հոդվածի 1-ին մասով, 38-314-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ) և 325-րդ հոդվածի 1-ին մասով:

Պետությանը պատճառված վնասը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է:

Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

 

Լրահոս