Հեղինակ Արմեն Մուրադյան
Ճանապարհատրանսպորտային պատահարները մահացության և հաշմանդամության առաջատար պատճառներից են, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով ճանապարհատրանսպորտային պատահարները 5-29 տարեկան երեխաների և երիտասարդների մահվան հիմնական պատճառն են:
Վթարների հետևանքով մահերի կեսից ավելին տեղի է ունենում ճանապարհային երթևեկության խոցելի խմբերի հետիոտների, հեծանվորդների և մոտոցիկլավարների շրջանում:
Աշխարհում, մահերի 93%-ը տեղի է ունենում ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում, չնայած այդ երկրներին բաժին է հասնում տրանսպորտային միջոցների ընդամենը շուրջ 60%-ը:
Պատահարները բացասաբար են անդրադառնում նաև տնտեսության վրա, հանգեցնելով համախառն ներքին արդյունքի մինչև 3% կորստի: Պատահարներին նպաստում են մի շարք ռիսկի գործոններ. արագության գերազանցումը, ալկոհոլի և այլ հոգեներգործուն նյութերի ազդեցության ներքո ատոմեքենա վարելը, սաղավարտների, ամրագոտիների և երեխաների ապահովության միջոցների չօգտագործումը, վարման ընթացքում ուշադրությունը շեղող սարքերի հատկապես հեռախոսի կիրառումը, անապահով ճանապարհային ենթակառուցվածքը ու տրանսպորտը և այլն:
Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն վերջին տասնամյակում ամենաշատ վթարները Հայաստանում տեղի են ունեցել 2019թ.-ին 4799, որի հետևանքով վիրավորվել է 6801, իսկ զոհվել է 341 քաղաքացի: Արդեն հաջորդ տարի գրանցվել է պատահարների թվի նվազում մինչև 4016, իսկ տուժողների թիվը կրճատվել է 955-ով, կազմելով 5846:
Որոշ մասնագետների դիտարկմամբ 2020թ. պատահարների թվի կրճատումը կարող է պայմանավորված լինել Covid-19 համավարակի բռնկման և դրա հետևանքով առաջացած սահմանափակումների պատճառով:
2021թ.-ի տվյալների վերլուծությունն արձանագրել է, որ չնայած պատահարների թիվը նախորդ տարիների համեմատ նշանակալի չի փոխվել, կազմելով 4604, սակայն տուժած անձանց և զոհերի թիվը գերազանցել է նույնիսկ վերջին տասնամյակում 2019 թ.-ին գրանցված ամենաբարձր ցուցանիշը, կազմելով համապատասխանաբար 7067 և 368:
Ըստ նույն աղբյուրի 2022թ. Հանրապետությունում գրանցվել է 4308 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով տուժել է 6474 քաղաքացի, այդ թվում 804-ը մինչև 18 տարեկան, իսկ մահերի թիվը կազմել է 321, որը շուրջ 13%-ով ցածր է նախորդ տարվա ցուցանիշից: «Հերացի» վերլուծականը նշում է, որ ըստ Համաշխարհային բանկի տվյալների Հայաստանը առաջատարներից է տարածաշրջանում ճանապահատրանսպորտային պատահարների հետևանքով մահերի թվով:
Այսպես, մեր երկրում 100.000 բնակչի հաշվով տարեկան մահերի թիվը եղել է 20, Իրանում 22, Թուրքիայում 7, Վրաստանում 12, Ադրբեջանում 7: Վերոնշյալի հետ մեկ տեղ, չնայած իր արդիականությանը, դեռևս կարգավորված չէ ինքնագլոր փոխադրամիջոց վարելու հետևանքով վնասվածքներ ստանալու խնդիրը:
Շարունակելով իրավիճակի մշտադիտարկումը արձանագրենք, որ 2022թ. միայն ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի մասնագետները բժշկական օգնություն և սպասարկում են ցուցաբերել ինքնագլորներ վարելու հետեւանքով վնասվածքներ ստացած 56 քաղաքացու: Տուժած քաղաքացիների գերակշիռ մասը 49-ը, եղել են ինքնագլորի վարորդ, իսկ 7-ը հետիոտն, ընդ որում 7-ից 3-ը եղել են 0-18 տարեկան:
Վնասվածք ստացածների մեծամասնությունը արական սեռի են կազմելով տուժածների 81%-ը: 2022թ. գրանցված դեպքերի զգալի մասը 48%-ը, բաժին են ընկնում հուլիս-օգոստոս ամառային տուրիստական ամիսներին: Տուժած քաղաքացիների մեծամասնությունը 38-ը, ստացել են թեթև վնասվածքներ, 12-ի մոտ ախտորոշվել է կոտրվածք, իսկ 6-ի մոտ պոլիտրավմա:
Հոսպիտալացում պահանջվել է 3 դեպքում, մնացած բոլոր տուժածները ստացել են ամբուլատոր բժշկական օգնություն և չեն հոսպիտալացվել:
Ճանապարհային անվտանգության պահպանման համար անհրաժեշտ է կիրառել համակարգված մոտեցում, որը պետք է հիմնված լինի անհատի և պետության համատեղ պատասխանատվության վրա, որի դեպքում քաղաքացուց պահանջվում է ճանապարհային երթևեկության կանոնների խիստ պահպանում, իսկ պետությունից վերահսկողություն սահմանում և իրավախախտների հանդեպ պատժամիջոցների կիրառումը: