17 Փետրվարի, 2023

Բավարիայի մայրաքաղաք Մյունխենում այսօր գումարվում է արևմտյան ամենակարևոր քաղաքական միջոցառումներից մեկը Մյունխենի Անվտանգության համաժողովը:

Համաժողովին ամեն տարի մասնակցում են տասնյակ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, սակայն առաջին անգամ այս ավանդական համաժողովին մասնակցելու հրավեր չեն ստացել Ռուսաստանի ու Իրանի ներկայացուցիչները, թեև այս երկրներից ընդդիմադիր առանցքային դեմքեր ներառված են համաժողովի քննարկումներում որպես բանախոսներ:

Մյունխենում են նաև Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը, և չի բացառվում, որ մյունխենյան հարթակում տեղի կունենա Փաշինյան-Ալիև ոչ ֆորմալ հանդիպում: Նախօրեին հայտնի դարձավ, որ աշխատանքային այցով Մյունխենում գտնվող Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Պաշտոնական հաղորդագրության համաձայն, զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը, ինչպես նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը վերաբերող հարցերի:

Ուշագրավն այն է, որ պաշտոնական հաղորդագրության համաձայն, Նիկոլ Փաշինյանը տիկնոջ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 16-19-ն աշխատանքային այցով Մյուխենում է, որտեղ մասնակցելու է Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը:

Ըստ հաղորդագրության, համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ մի շարք հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ:

«Նախատեսված է նաև տիկին Հակոբյանի հանդիպումը «Կին քաղաքական առաջնորդներ» կազմակերպության նախագահ և հիմնադիր Սիլվանա Կոխ-Մեհրինի հետ»,- ասված է հաղորդագրությունում:

Սակայն Մյունխենի անվտանգության համաժողովի ձևաչափին ծանոթ գործիչները գիտեն, որ համաժողովը բաղկացած է տարբեր ռեգիոններին վերաբերող պանելային քննարկումներից, որոնց մասնակցում են ինչպես երկրների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, ներկայացուցիչներ, այնպես էլ փորձագետներ, և լավ հնարավորություն են տալիս միջազգային հանրությանը հրապարակայնորեն ներկայացնել տվյալ երկրի մոտեցումները, բարձրացնել հարցեր ու ծավալել քննարկումներ:

Թերևս, ավելորդ կլինի նշել, թե դրա կարիքը որքան ունի ներկայումս Հայաստանի Հանրապետությունն ու շրջափակման մեջ գտնվող Արցախը:

Համաժողովի պաշտոնական օրակարգից պարզ է դառնում, որ վաղը փետրվարի 18-ին, օրվա երկրորդ կեսին 16:30-17:15-ին, նախատեսվում է պանելային քննարկում «Շարժելով լեռնե՞րը. Անվտանգության կառուցում Հարավային Կովկասում» վերտառությամբ, և պարզվում է, որ քննարկմանը մասնակցելու են Հարավային Կովկասի երկրների բոլոր ղեկավարները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, բացի Նիկոլ Փաշինյանից: Քննարկմանը մասնակցելու է նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը, իսկ մոդերատորն է լինելու Անվտանգության համաժողովի նախագահ Քրիսթոֆ Հյուջընը:

Եվ փաստորեն, Նիկոլ Փաշինյանը, այդժամ լինելով Մյունխենում, քննարկմանը չի մասնակցելու այն դեպքում, երբ Հարավային Կովկասում անվտանգությունը վերաբերում է անմիջականորեն Հայաստանին ու Արցախին:

Դրա փոխարեն միջոցառումների է մասնակցելու նրա կինը Աննա Հակոբյանը: Եվ այստեղ հարց է առաջանում Նիկոլ Փաշինյա՞նն է հրաժարվել մասնակցել այս քննարկմանը, թե՞ պարզապես չի հրավիրվել:

Իհարկե, դժվար է պատկերացնել, որ Հարավային Կովկասի երկրի ղեկավարը չի հրավիրվել նման քննարկման, սովորաբար նման միջոցառումները կազմակերպվում են հավուր պատշաճի:

Իսկ Հայաստանի մոտեցումները և հակառուսական դիրքավորումը, աշխարհաքաղաքական իրավիճակը հատկապես այս փուլում, բավականին հետաքրքիր են արևմտյան լսարանի համար:

Շատ հավանական է, որ Նիկոլ Փաշինյանն ինքը չի ցանկացել մասնակցել այս քննարկմանը:

Այնուամենայնիվ 168.am-ը կփորձի այս հարցը պարզել Կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Այս պահին այս վարչության պետ Արմեն Խաչատրյանն անհասանելի է:

168.am

Լրահոս