«Մշակույթի, գիտության, կրթության, ազգայինի, իրական արժեքների և մնացյալ այլ ոլորտների սպանդը և հիթ շքերթը շարունակվում է։ ԳՈՅ թատրոնը երեսուն և ավելի տարիների կենսագրություն ունի, կայացած թատերախումբ, ուրույն ձեռագիր, միայն իրեն հատուկ գեղագիտություն և թատերային ոճ։ Թատրոնը նվիրյալների և տաղանդավոր արվեսագետների մի կուռ անձնակազմ է իրենց գեղարվեսական ղեկավարի մեծատաղանդ, ինքնատիպ, ոչ մեկի չնմանվող, թատրոնի համար ապրող, թատրոնի համար արարող Արթուր Սահակյանի գլխավորությամբ:
Իսկ վերջնական և գերնպատակը մաքրազարդումից հետո այն է չունենալ ընդհանրապես խաղացանկային թատրոն, չունենալ մշտական թատերախումբ, չունենալ գեղարվեստական ղեկավար, այլ շենք, որն ունի միայն ադմինիստրատիվ անձնակազմ։ Մեկ բառով քանդել Հայ Թատրոնը։ «Կանտոռայի» սեղանին արդեն դրված են հերթական զոհերը և թատրոնի մարդիկ իրենց ղեկավարներով դա շատ լավ գիտեն, բայց լուռ են, անտարբեր ու վախեցած։ Այսօր չկանգնելով ԳՈՅ թատրոնի կողքին, չսատարելով ձեր գործընկերներին և կոլեգաներին, չբռնելով այն ապիկար ձեռքը, որն ուզում է մահվան դատապարտել, սպանել մշակութային օջախ, թատրոն, դուք մոտենում եք ձեր վախճանին, որին շատ երկար չեք սպասի։ Այսօր մենք բոլորս պետք է լինենք ԳՈՅ թատրոնի կողքին, մեր ընկերների կողքին, ուրեմն նաև մենք ինքներս մեր կողքին, մեր թատրոնի կողքին, Հայոց Թատրոնի կողքին։
Ես և իմ ամբողջ ընտանիքը , ողջ անձնակազմով այսօր կանգնած ենք ԳՈՅ թատրոնի կողքին»։