22 Մարտի, 2023

Այն տարածքը, որտեղ մոլորվել եմ, արդեն ճանաչում եմ, այդտեղով էլ եկել ու անցել եմ մեր կողմ։ Այս մասին 24News-ին ասաց Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի բնակիչ, երեկ ադրբեջանական կողմում հայտնված ու այսօր վերադարձած պայմանագրային զինծառայող Մարտիրոս Գյուլամբարյանը։

Զինծառայողն ասաց, որ երեկ մոլորվել էր ժամը 11։30-ի սահմաններում Գորիս համայնքի Ակներ (նախկին անվանում Բռուն, Վերիշեն բնակավայրից անմիջապես հյուսիս-արևմուտք) բնակավայրի գլխին «վիշկի» մոտ։

«Մառախուղ է եղել, հասել եմ իրենց պոստ, տեսա որ 4 հոգի մոտենում են մեքենային («Կամազ 114» մակնիշի բեռնատար), ֆռացի դուրս եկա վարորդի դռնով։ Մի դուռը բացել են, մյուս դռնով իջել-անցել եմ նրանց թիկունք։

Մեքենան թողել եմ N դիրքից մոտ 30 մետր ներքեւ։ Ամբողջ գիշեր լուսարձակ են գցել, մառախուղ է եղել, չեն կարողացել տեսնել ինձ։ Գիշերը պատսպարվել եմ ձորակի մեջ, առավոտ արդեն ադրբեջանական դրոնները պտտվում էին ձորակի վերևում։ Ձնով ծածկվեցի, որ չտեսնեն, հետո գնացին։ Դրոն առաջին անգամ ձորակի մոտ եկավ առավոտ 5-ին, հետո 6-ին, հետո 7-ին 15 պակաս։Չեն կարողացել ջոկել, ձնով ծածկված եմ եղել»,- հավելեց պայմանագրային զինծառայողը։

Մարտիրոս Գյուլամբարյանն ասաց նաև, որ բեռնատարն ադրբեջանական կողմի մոտ է մնացել․ «Որ չեն կարողացել ինձ բռնել, մեքենան հետ չեն տալիս։ Բանակցություններ են տարվում ռուսական խաղաղապահների, սահմանապահների միջնորդությամբ։ Վոլկովն ասում է «Ադրբեջանը հետ չի տալիս մեքենան», ուզում են տեսնել ինչ են անելու»։

Զինծառայողը հավելեց, որ հայկական դիրքեր այլ ճանապարհով է կարողացել անցնել ժամը 11։00-ի սահմաններում, առողջական որևէ խնդիր չունի, վաղը վերադառնալու է ծառայության։ Խոսելով որոնողական աշխատանքների ժամանակ ռուսական սահմանապահ զորքերի մեքենայի ուղղությամբ ադրբեջանական կողմից կրակոցների մասին Մարտիրոս Գյուլամբարյանն ասաց, որ հետո է իմացել այդ միջադեպի մասին:

«Ես այդտեղ չեմ եղել, ես եղել եմ խոսքի Խոզնավարում (Գորիս քաղաքից մոտ 11 կմ հյուսիս), իրանք Բռունի գլխին»,-ասաց նա։

Լրահոս