29 Մարտի, 2023

Մեզ հետաքրքիր է ԱԻՆ-ի պատասխանը, թե ինչ ժամանակահատվածում ինչքան շմոլ գազ կարող էր արտադրել այդ վառարանը, հրդեհի սկսման պահն ու ոնց կարող են մեզ բացատրել, թե այդ վառարանը որքան շմոլ գազ է առաջացրել, որ մեր երեխեքը 3 անգամ շնչելուց հետո, անգիտակից, այրվածքային շոկի են ենթարկվել: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զինվորական կացարանում առաջացած հրդեհից մահացած Գագիկ Բարսեղյանի հայրը Արման Բարսեղյանը:

«Դատաբժշկի փաստումն է, որ երեխաներից մեկի թոքերը 2-3 անգամ են կծկվել և էդ թունավոր մասը մինչև թոքերի հատակ չի հասել անգամ, ուրեմն էդ ի՞նչ կարգի թույն է եղել, որ միանգամից թոքերը պարալիզացվել են: Շմոլ գազից չէր կարող նման բան լինել»,- ասաց մեկ այլ զոհված զինծառայող Հայկ Կիրակոսյանի հայրը Գաբրիել Կիրակոսյանը:

Ծնողները նշեցին, որ տղաներից մեկի դատաբժիշկը մանրամասնորեն ներկայացրել է, որ այդպես է եղել:

«Այսօր արդեն 2 ամիս 20 օր է մենք չենք կարողանում մեր ցավով, մեր վշտով տանջվել»,- ասաց Բարսեղյանը դիմելով պատկան մարմիններին և ասաց, որ ճիշտ է, իրենք հանգիստ են, չեն գոռգոռում, բայց հանգիստ ավելի վտանգավոր են:

Նա նշեց, որ իրենք 15 ծնողով, պատրաստ են գնալ մինչև վերջ. «Մենք մահացած ենք, բայց մեզ չեն թաղել, մենք ամեն ինչ անելու ենք, մենք կորցրել ենք ամենաթանկը»:

Ծնողը շեշտեց, որ իրենք ևս մեկ անգամ դիմում են պատկան մարմիններին, որպեսզի իմանան, թե իրենց երեխաների մահն ում ձեռքով և ում հրամանով է վրա հասել:

«6 ողջ մնացած վկաներից ամեն մեկը տարբեր հայտարարություններ է անում, տարբեր բաներ է ասում, ծնողներին սարքել են գիժ: Մենք ողջ-առողջ երեխա ենք տվել, որ մեր անդորրը, մեր հայրենիքը պաշտպանեն»,- ասաց Արման Բարսեղյանը:

Լրահոս