NEWSPRESS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել նախկին պատգամավոր Արմավիրցի Նովոյի Նահապետ Գևորգյանի նախկին պատգամավոր որդու Քաջիկի Գևորգյանի մասնակցությամբ միջադեպին նախորդող իրադարձություններից։
Մենք արդեն հայտնել էինք, որ կրտսեր Գևորգյանը վիճաբանության ժամանակ կրակոցներ է արձակել, ինչից հետո ձերբակալվել է։
Եվ այսպես, նշված հրապարակումից հետո, մեր ձեռքի տակ տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ մինչ կրակոց արձակելը Քաջիկ Գևորգյանը Կասկադում ծեծի է ենթարկել Մյասնիկյան պողոտայում գտնվող «Վենետիկյան պալատ»-ի տնօրեն Անդրանիկ Աբովյանի որդուն: Դրանից հետո վերջինս իր ընկերների հետ գնացել է Նովոյի որդու բնակության վայրին մոտ գտնվող մի տարածք, մոտավորապես «Յասաման» ռեստորանի մոտակայք Եկմալյան-Արամի փողոցների խաչմերուկ։ Հենց այդտեղ էլ երիտասարդները միմյանց ծեծել են, ինչից հետո էլ Քաջիկ Գևորգյանը կրակել է:
Դեպքին շուրջ 50 մասնակից է եղել և դեպքի վայր հանդիսացող փողոցն ամբողջովին փակվել է: Տարածքի բնակիչներից NEWSPRESS.am-ին հայտնել են, որ մարդիկ իրենց տների պատուհաններից լուսանկարել ու տեսանկարահանել են կատարվածը:
Հատկանշականն այն է, որ Քաջիկ Գևորգյանը ձերբակալությունից հետո ազատ է արձակվել, և նրան որևէ մեղադրանք չի առաջադրվել։ Նոր Հայաստանի արդարադատությունը հենց այդպիսին է․ կարելի է կրակել ու ազատ արձակվել, կարելի է լինել պաշտոնյա ու թքել մարդու դեմքին, կարելի է պատերազմ պարտվել, հազարներին զոհել ու չպատժվել, ավելին մնալ իշխանության:
Վերադառնալով Գևորգյանների «քաջագործություններին», ինչպես արդեն նշել ենք, միայն Քաջիկը չէ, որ բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել հասարակության այլ անդամների նկատմամբ։
Լուսանկարում Արտակ Գևորգյանը, 2012թ․
Նովոյի մյուս որդուն Արտակ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել դեռևս տարիներ առաջ, այն բանի համար, որ նա 2012թ. հուլիսի 18-ին, ժամը գիշերը 3-ի սահմաններում, Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի կենտրոնական փողոցով Պատվական Հարությունյանի «ԳԱԶ-24» մակնիշի 62ՍՏ 736 պետհամարանիշով ավտոմեքենայով երթևեկելիս, երբ Հարությունյանի ծանոթ Վիրաբ Ասեյանն իր ընկեր Վոլոդյա Խառատյանի հետ միասին իր կողմից վարվող «ՎԱԶ-2106» մակնիշի 13ԼՏ 896 համարանիշի ավտոմեքենայով հանդիպել ու կանգնեցրել է Գևորգյանի կողմից վարվող ավտոմեքենային, Գևորգյանն, իջնելով մեքենայից, Ասեյանի կյանքի, կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ տալով, առանց հափշտակելու նպատակի, տիրացել է նրա «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենային և այն փախցնելով տեղափոխել ու թողել է հարակից փողոցում:
Այսինքն Արտակ Գևորգյանը մեղադրվել է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարքի կատարման մեջ:
Ըստ դատարանի վճռի Արտակ Գևորգյանը ճանաչվել է հանցավոր ՀՀ քր. օր-ի 183 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով ու նա դատապարտվել է ազատազրկման 1 տարի ժամկետով։ Կալանավորման 2 ամիս 29 օրվա ժամկետի հաշվակցման միջոցով ամբաստանյալ Արտակ Գևորգյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 9 ամիս 1 օր ժամկետով։ Գևորգյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել` սահմանվելով փորձաշրջան 1 տարի ժամկետով։
Արտակ Գևորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանավորումը վերացվել է և նա ազատ է արձակվել դատական նիստի դահլիճից։
Հատկանշական է, որ այն ժամանակ Նահապետ Գևորգյանը գործող պատգամավոր էր և ինչ-որ կերպ կարող էր ազդած լինել որդու ազատ արձակման հարցում, սակայն, այժմ տարօրինակ է, որ երկարամյա «նախկինի» համարում ունեցող Նովոյի մյուս որդին նույնպես կարողանում է խուսափել արդարադատությունից։