17 Հոկտեմբերի, 2024
Կառավարության այսօրվա՝ հոկտեմբերի 17-ի նիստում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց ակադեմիական քաղաքի տրանսպորտային և շարժունության նախագծի մշակման հարցը։

Նա նշեց, որ առաջարկվում է այդ ծառայություները ձեռք բերել իտալական «Սիստեմատիկա» ընկերությունից, որը նման բարդ իրավիճակներում լուծումներ է գտել։

«Այս առաջադրանքի շրջանակներում նախատեսում ենք, որ կունենանք մի քանի հիմնարար արդյունքը, որոնք կօգնեն իրականացնել Ակադեմիական քաղաքի նախագիծը։ Ակադեմիական քաղաքի հաջողության պայմանը տրանսպորտային կապվածությունն է։ Նախագծի շրջանակներում ակնկալում ենք ստանալ տրանսպորտի մաստեր պլան»,- ընդգծեց նախարարը:

«Ծրագրի առանձին արդյունք է լինելու հոսքերի ուսումնասիրությունը, որտեղ բոլոր տվյալներն են հավաքագրվելու, ստեղծվելու են շտեմարաններ: Առանձին արդյունք է ճանապարհների դիզայնը կամ նախագիծը, եւ նաեւ այս առաջադրանքի շրջանակներում իրականացվելու է երկաթուղու նախնական տեխնիկատնտեսական վերլուծություն: Ծրագրի իրականացման ժամկետը պլանավորված է մինչև 8 ամիս»,-ասաց Անդրեասյանը:

Նիկոլ աշինյանն էլ իր խոսքում նկատեց, որ Ակադեմիական քաղաքի հայեցակարգային մաստեր պլանի ստեղծման աշխատանքները ավարտվել են, այժմ դրանք փուլ առ փուլ իրականացնելու շրջափուլ են մտնում։

«Ակադեմիական քաղաքի ներսում տրանսպորտային շարժ կամ ընդհանրապես չի լինելու, կամ էլ սահմանափակված է լինելու։ Այսինքն՝ քաղաքի ներսում ավտոմեքենա շահագործել նախատեսված չէ։ Ավտոմեքենաները տարածք մուտք կգործեն միայն մատակարարումների համար, այն էլ՝ որոշակի գրաֆիկով»,-ասաց նա՝ հավելելով, որ ակադեմիական քաղաքի շուրջը պետք է լինի շրջանաձեւ ճանապարհ, որը տրանսպորտային շարժի վերջին գիծը պետք է լինի:

Դրանից հետո արդեն ոտքով կամ հեծանիվով կարող են մտնել ակադեմիական քաղաքից ներս:

Լրահոս