17 Հոկտեմբերի, 2024

Նիկոլ Փաշինյանն այցելել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող «Ռենդերֆորեսթ» ընկերություն:

Նա նշել է, թե ցանկանում է մի հայտարարություն անել, որը կարող է շատերի համար տարօրինակ թվալ:

«Այդ լավատեսությունը և տարօրինակ հայտարարությունը հետևյալն է. պիտի խոստովանեմ, որ այսօր ես Հայաստանի ապագայի մասին շատ ավելի լավատես եմ, քան էի 2018 կամ 2019 թվականներին: Համոզված եմ, որ սա շատերի համար տարօրինակ հայտարարություն է, և այդ մասին ես հրապարակային հայտարարում եմ առաջին անգամ՝ ընդգծելու համար միջավայրի կարևորությունը: Դա կապված է հետևյալի հետ, որ 2018, 2019 թվականներին, երբ ես մտածում էի ապագայի մասին, ապագա տանող ճանապարհների մասին, այդ բոլոր ուղիներով գնալիս մտածողության հարթության մեջ մտնում էի փակուղի՝ շարունակություն չտեսնելով կամ տեսնելով այլ բան»,- ասել է Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այսօր որոշակիորեն ուրիշ է իրավիճակը, որովհետև տեսնում է բազմաթիվ ռիսկեր, բայց տեսնում է նաև այդ ռիսկերի հաղթահարման, կառավարման հնարավորություն և այդ ռիսկերի կառավարման արդյունքում՝ հետագա ճանապարհի շարունակություն:

«Իսկ ի՞նչ է այդ ճանապարհի վերջը կամ ո՞րն է այդ ճանապարհի այն տեսական նպատակը, որ ուզում ենք մենք գործնականում իրականացնել: Մենք դա անվանում ենք Իրական Հայաստանի հայեցակարգ, այն ուղիղ կապ ունի պետություն հասկացության հետ, որի իմաստը հետևյալն է. Հայաստանի Հանրապետությունը և պետությունն ընդհանրապես ունի շատ գործնական նպատակ և գործիք է սեփական քաղաքացիների բարեկեցությունն ապահովելու համար: Ոչ թե գործիք է, հենակետ է կամ պլացդարմ, ինչ-որ ավելի ընդարձակ կամ ավելի մեծ պետություն ունենալու համար, այլ միջազգայնորեն ճանաչված սահմանների ներսում սեփական քաղաքացիների բարեկեցությունն ապահովելու գործիք է՝ այն ըմբռնմամբ, որ բարեկեցություն ասելով՝ պետք է հասկանալ ազատությունը, արդարությունը, անվտանգությունը և այս երեք հիմնական հասկացություններից բխող այլ հասկացություններ»,- նշել է Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ բարեկեցությունը մի բան է, որը ձևավորվում է աշխատանքով: Կառավարության ղեկավարի համոզմամբ՝ հաջորդ ֆունդամենտալ խնդիրը, որ մեր իրականության մեջ կա՝ աշխատանքի ընկալումն է: «Իսկ ի՞նչ է աշխատանքը: Աշխատանքը տառապանք, չարչարա՞նք է, թե՞ աշխատանքն, այնուամենայնիվ, հաճույք է, ինքնաարտահայտում է, նաև ազատություն է, ստեղծագործություն է, մի իրավիճակ է, որ մարդ, օրինակ, կարող է երեկոյան քնելուց առաջ մտածել, որպեսզի լույսը շուտ բացվի, որ նորից գնա աշխատանքի»,- ասել է ը՝ այս առումով ևս մեկ անգամ ընդգծելով միջավայրի կարևորությունը:

Լրահոս