12 Նոյեմբերի, 2024

«Ոստիկանության մասին» օրենքում եւ հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի վերաբերյալ Ներքին գործերի նախարարության կողմից մշակվել էին ««Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ հարակից օրենքների նախագծեր, որոնցով տարբեր տնտեսվարողներ պարտավորվելու էին տեղադրել և ոստիկանության համար 24/7 ռեժիմով մուտք ապահովել տեսահսկման համակարգեր։

Հանրային հեռուստաընկերության եթերում իրականացված հանրային քննարկման ընթացքում  Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը նշել էր, որ տեսահսկման համակարգի շրջանակում կիրառվելու է արհեստական բանականություն: Նախագծերի փաթեթը ներկայացվել էր Ազգային Ժողովին եւ 2024 թվականի հունիսի 12-ին ընդունվել էր առաջին ընթերցմամբ: Հայաստանյան քաղաքացիական հասարակության կողմից Նախագծերի փաթեթի վերաբերյալ ներկայացվել էին մտահոգություններ, բովանդակային դիտողություններ եւ առաջարկություններ՝ որպես հետեւանք ակնկալելով, որ նախագծերը չեն ընդունվի ԱԺ-ի կողմից:

2024 թվականի նոյեմբերի 11-ին ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել նախագծերի փաթեթը ԱԺ երկրորդ ընթերցմանը ներկայացնելուց ձեռնպահ մնալու եւ նախագծերի հետագա ընթացքը սառեցնելու վերաբերյալ, ինչը, ըստ էության, համապատասխանում է նախագծերը ընդունելու վերաբերյալ քաղաքացիական հասարակության ակնկալիքին: Միաժամանակ, ՆԳՆ-ն նույն հայտարարությամբ որպես խնդրի փուլային լուծման տարբերակ առաջարկել է առաջին փուլում քննարկման առարկա դարձնել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների տեսահսկման համակարգերին ՀՀ ներքին գործերի նախարարությանը հասանելիություն տրամադրելու մոտեցումը։

Հաշվի առնելով Հայաստանում տվյալների պաշտպանության եւ կիբեռանվտանգության խնդիրները եւ մարտահրավերները` սույն հայտարարությունը ստորագրած կազմակերպություններս գտնում ենք, որ ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից տեխնոլոգիաների կիրառման օրենսդրական կարգավորման նման նախաձեռնությունները պետք է իրականացվեն հանրային լայն ներգրավվածությամբ, հատկապես քաղաքացիական հասարակության եւ մասնագիտական հանրույթի ներգրավմամբ եւ ոլորտային հարակից օրենսդրության եւ պրակտիկայի պատշաճ ուսումնասիրությամբ:

Սույն հայտարարությամբ նաեւ պատրաստակամություն ենք հայտնում ակտիվորեն ներգրավվելու ՆԳՆ-ի կողմից նախաձեռնվելիք հանրային եւ աշխատանքային քննարկումներին՝ տրամադրելով մեր մասնագիտական աջակցությունը:

Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ (CyberHUB)

Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ (HAHR)

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե

Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ Փոփոխություն ՀԿ

Փինք իրավապաշտպան ՀԿ

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Գորիսի մամուլի ակումբ Մեդիա նախաձեռնությունների կենտրոն

Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն ՀԿ

Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ

«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ

Հանրային լրագրության ակումբ Երևանի մամուլի ակումբ

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ

Լրահոս