Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարվում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և ՔՊ-ական պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի, Թագուհի Ղազարյանի ներկայացրած «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիը։
Առաջարկվում է Հայաստանի Հանրապետության պետական օրհներգի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՕՐՀՆԵՐԳԻ ՏԵՔՍՏԸ
(Հիմնված Միքայել Նալբանդյանի խոսքերի վրա)
Մեր Հայրենիք, ազատ, անկախ,
Որ ապրել է դարեդար,
Իր որդիքը արդ կանչում է
Ազատ, անկախ Հայաստան:
Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պիտ մեռնի,
Բայց երանի, որ յուր ազգի
Ազատության կզոհվի:
Ահա եղբայր, քեզ մի դրոշ,
Զոր իմ ձեռքով գործեցի,
Գիշերները ես քուն չեղա,
Արտասուքով լվացի:
Նայիր նրան՝ երեք գույնով
Նվիրական մեկ նշան,
Թող փողփողի թշնամու դեմ,
Թող միշտ պանծա Հայաստան:
«Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության օրհներգի հետ կապված հարաբերությունները և օգտագործման կարգը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին օրենքով: Թեպետ վերոնշյալ օրենքի հավելվածում սահմանված է օրհներգի տեքստը և երաժշտությունը, սակայն տարբեր միջազգային պաշտոնական մարզական, մշակութային եւ այլ միջոցառումների ժամանակ ՀՀ օրհներգը կատարվում կամ հնչեցվում է տարբեր կատարմամբ և ձայնագրություններով, ուստի անհրաժեշտություն է առաջանում հստակ հրապարակել հիշյալ օրենքով սահմանված դեպքերի կատարման համար միասնական ձայնագրված պաշտոնական տարբերակ:
Միևնույն ժամանակ, ՀՀ օրհներգը տարաբնույթ միջոցառումների (հիմնականում մարզական, մշակութային) ժամանակ հնչում է կարճ տարբերակով՝ պայմանավորված տվյալ միջոցառումների առանձնահատկություններով եւ եթերաժամանակով: Նշված դեպքերում նույնպես բացակայում է միասնական մոտեցում և կարիք կա մշակելու մեկ միասնական ստանդարտ: Հետևաբար, նախագծով ՀՀ կառավարությանը լիազորություն է տրվում վերոնշյալ օրենքի հավելվածի տեքստին և երաժշտությանը համապատասխան սահմանել ՀՀ օրհներգի կարճ խմբագրությամբ տարբերակը:
Նպատակահարմար է նաև փոփոխություն կատարել ՀՀ օրհներգի տեքստի մեջ, այն վերադասավորել անյպես, որ ավարտվի հետևալ քառատնով՝
«Նայիր նրան՝ երեք գույնով
Նվիրական մեկ նշան,
Թող փողփողի թշնամու դեմ,
Թող միշտ պանծա Հայաստան:», համապատասխան տրամաբանությամբ և ուղերձով»,- նշված է նախագծում։
Նախագծի քննարկմանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց, որ դեռ 1990-ականներին, երբ ընդունվել է օրհներգը, Հայաստանի ակադեմիական երգչախումբը, մաեստրո Չեքիջյանի գլխավորությամբ, հատուկ ձայնագրվել է, մեծամասմբ այդ մշակումն է հնչել։
«Ինչ վերաբերում է խախտումներին։ Դուք ձեր հիմնավորման մեջ նշել եք՝ «հարկ է նշել նաև, որ վերջին շրջանում ՀՀ օրհներգը որոշ միջոցառումների ժամանակ հնչել է նշված տարբերակով և հավանության է արժանացել հանրության շրջանակների կողմից»։
Հասկանում եմ, քանի որ պաշտոնական ձայնագրություն կառավարություը չուներ, ճաշակի համապատասխան Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ պետք է օրհներգի տեղերը փոխել կամ Ալեն Սիմոնյանը մի փոքրիկ երգչախումբ է գտել, այս խեղճ մարդկանց քննչական կոմիտե, ԱԱԾ, ԱԺ, այս միջոցառում, այն միջոցառում տանում են և խախտելով ՀՀ օրհներգի մասին օրենքը, արդեն փոխված հերթականությամբ հնչեցում են և հպարատանում են, որ այո, վարչական իրավախախատում են արել, բայց Հայաստանում արդեն սովորական է»,- ասաց Գ.Մանուկյանը։