20 Փետրվարի, 2025

Մեկնարկել է Մարդու իրավունքների Ձմեռային դպրոցը, որը կազմակերպվել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ` Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ:

Մրցութային կարգով ընտրված` ծրագրին մասնակցող ՀՀ տարբեր բուհերի իրավագիտության ֆակուլտետներում սովորող 25 ուսանող փետրվարի 19-ին հյուրընկալվել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում՝ ծանոթանալով ՄԻՊ հաստատության գործունեության սկզբունքներին և լիազորություններին:

Ողջունելով ապագա իրավաբաններին` Պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորել է նրանց դպրոցի կազմում ընդգրկվելու առթիվ և նշել, որ սա լավ հնարավորություն է ոլորտային գիտելիքները խորացնելու, մասնագիտական էթիկայի բնագավառում հմտություններ ձեռք բերելու, մասնագիտական ու մարդկային կապեր ձևավորելու տեսանկյունից։

«Հարգելի՛ ուսանողներ, Ձմեռային դպրոցի առաջին ծրագրի սիրելի՛ մասնակիցներ, անձամբ իմ և գործընկերների համար չափազանց կարևոր է, որպեսզի համատեղ կարողանանք բավարար արդյունքներ գրանցել այս ծրագրի իրականացման ճանապարհին: Մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունների, այդ թվում՝ ՀՀ ՄԻՊ հաստատության համար, կարևոր դերակատարություն ունի ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանության, այլև մարդու իրավունքների խթանման գործառույթը, որը, այդ թվում՝ իրացվում է մարդու իրավունքների կրթության միջոցով: Վստահ եմ, այս հարթակը ևս կծառայի այդ նպատակին՝ նպաստելով նաև ոլորտային այն հարցերի համատեղ բացահայտմանը, որոնք ունեն կատարելագործման կարիք»,- ասել է Պաշտպանը:

Իր խոսքում Անահիտ Մանասյանը կարևորել է նաև ՄԱԶԾ գործընկերների հետ համագործակցությունը և շնորհակալություն է հայտնել Մարդու իրավունքների ձմեռային դպրոցի գաղափարը համատեղ կյանքի կոչելու համար:

Հանդիպումը կրել է ինտերակտիվ բնույթ. ուսանողները ներկայացրել են ոլորտի վերաբերյալ իրենց պատկերացումները, ինչպես նաև հարցեր ուղղել Պաշտպանին։ Ուսանողների համար ՄԻՊ հաստատությունում կազմակերպվել է նաև շրջայց:

Հանդիպման ընթացքում ներկայացվել է նաև Ձմեռային դպրոցի շրջանակներում առաջիկա օրերի հագեցած ծրագիրը, որը ներառում է ինչպես տարբեր պետական մարմիններ այցելություններ ու հանդիպումներ այդ մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, այնպես էլ հանդիպումներ ոլորտի լավագույն մասնագետների հետ:

Ձմեռային դպրոցն իրականացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող և ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԲՀ-ի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի շրջանակներում:

Լրահոս