6 Մայիսի, 2025

Այսօր քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց, որ Շիրակի մարզպետարանի նախկին վարչության պետը դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման՝ խոշոր չափերի կաշառք ստանալու համար

Խոսքը Շիրակի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության նախկին պետ Հրայր Կարապետյանի մասին է, որին անցյալ տարի ձերբակալեցին իր աշխատասենյակում ։ Նա այդ պաշտոնին էր երկար տարիներ ։ Ձերբակալությունից որոշ ժամանակ հետո , մեր տեղեկություններով , Հրայր Կարապետյանը ազատ է արձակվել` մինչ դատավարության ավարտը` ստորագրությամբ չհեռանալու պայմանով։ Նրան ևս հինգ տարով զրկել են պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից։

Ըստ ՔԿ-ի ` քննությամբ պարզվել է, որ 2024 թվականի հունիսի 17-ին Հ.Կ.-ն, օգտվելով պաշտոնեական դիրքից, մարզպետարանի ենթակայությամբ գործող պետական ոչ առևտրային կազմակերպության (ՊՈԱԿ) տնօրեն Ն.Խ.-ից պահանջել և ստացել է 4000 ԱՄՆ դոլար՝ նրան նույն հաստատությունում վարչատնտեսական համակարգողի պաշտոնում նշանակելու համար։ Ն.Խ.-ն այդ պաշտոնին նշանակվել է 2024 թվականի օգոստոսի 9-ին։

Բացի այդ, Հ.Կ.-ն նույն ՊՈԱԿ-ի ուսուցչուհի Ա.Մ.-ին տնօրենի պաշտոնակատար նշանակելու համար, Ն.Խ.-ի միջոցով պահանջել է ևս 1500 ԱՄՆ դոլարին համարժեք գումար։ Հ.Կ.-ն նախապես ստացել է 1000 ԱՄՆ դոլար, իսկ մնացած մասը նախատեսվել էր փոխանցել նշանակմանց հետո։ Ա.Մ.-ն այդ պաշտոնին նշանակվել է 2024 թվականի օգոստոսի 14-ին։

ՀՀ գլխավոր դատախազության հաղորդմամբ՝ Հ.Կ.-ն մեղադրվել է Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (կաշառք ստանալը՝ խոշոր չափերով, երկու դրվագով), Ն.Խ.-ն՝ 436-րդ հոդվածի 1-ին մասով (կաշառք տալը) և 437-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (կաշառքի միջնորդություն), Ա.Մ.-ն՝ 436-րդ հոդվածի 1-ին մասով։

Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի ապրիլի 18-ին կայացրել է մեղադրական դատավճիռ։ Ն.Խ.-ն դատապարտվել է 1 տարի 7 ամսվա ազատազրկման՝ սահմանված 2 տարի 6 ամիս փորձաշրջանով, իսկ Ա.Մ.-ն՝ 1 տարվա ազատազրկման՝ նույն փորձաշրջանի պայմանով։

Ի դեպ, Հրայր Կարապետյանը նախկինում ՀՀԿ (Հայաստանի Հանրապետական կուսակցության) անդամ էր։ Նա դուրս է եկել կուսակցությունից՝ փորձելով լեզու գտնել ներկայիս իշխանության հետ ` պաշտոնը պահպանելու նպատակով։ Բայց ինչպես տեսանք` հակառակը եղավ ։

Ըստ շրջանառվող լուրերի` նրա դեմ հարուցված քրեական գործը քաղաքական ենթատեքստ ունի և իշխանության կողմից սարքած գործ է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/ab1238d5f54cd1bc5aba5d67c4a7e45c

 

Լրահոս