«Փաստ» օրաթերթը գրում է.
Հայաստանի Ազգային ժողովը, իսկ ավելի ստույգ՝ ԱԺ ՔՊ խմբակցությունը մարտի 25-ի նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը: Արդեն ապրիլի 4-ին օրենքը ստորագրվեց ՀՀ նախագահի կողմից:
Սա ինքնին խոսում է Հայաստանում եվրոպական ուղու նկատելի հասարակական աջակցության մասին։ Իսկ ի՞նչ առավելություններով է պայմանավորում ԵՄ-ին անդամակցությունը դրա կողմնակիցների մեծամասնությունը, առավել ևս՝ ի՞նչ շարժառիթներով են առաջնորդվում այս ընտրությունը կատարելիս։ Անդրադառնալով այս թեմային՝ մասնավորաբար news.am-ը նշում է, որ գուցե նրանցից շատերը պարզապես ցանկանում են «սուրճ խմել Միլանում», կամ ընդմիշտ մեկնել «քաղաքակիրթ երկրներ» և ժամանակ առ ժամանակ լուսանկարվել հայկական տուֆի ֆոնին՝ տարին մի քանի անգամ՝ հայրենասիրական կարճատև այցերի ընթացքում։ Ոմանք կողմ են ցանկացած արևմտամետ նախաձեռնության՝ նպատակ ունենալով, որ Հայաստանը, որքան հնարավոր է, կտրուկ խզի իր կապերը նախկին արտաքին քաղաքական հովանավորի հետ։ Սակայն, հավանաբար, շատերն ուղղակի փրկության հույս են կապում Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Հույսը մարդկանց ապրելու հնարավորություն է տալիս՝ խուսափելու դեպրեսիայից, առավել ևս՝ հնարավորություն է տալիս անտեսել ավելի ու ավելի մտահոգիչ նորությունները և խուսափել անհարմար հարցերից։ Մարդկանց հույս պարգևիր, և նրանք կընտրեն քեզ՝ մոռանալով՝ ինչ ես արել կամ չես արել դու իրական քաղաքականության մեջ։
Այնուամենայնիվ, այս ամենը թույլ է տալիս գործող իշխանություններին սնուցել հայ հասարակության պատրանքները, մինչդեռ պաշտոնական հայտի ներկայացումը և ԵՄ-ի պատասխան արձագանքը հայերին կստիպեին բախվել իրականությանը։ Ոչ մի նախադեպ չի եղել, որ թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրվի այն երկրներին, որոնք ո՛չ ծովային, ո՛չ ցամաքային սահման չունեն Եվրոպական միության հետ (ինչպես Վրաստանը)։ Պետության փոքր չափերը, ԵՄ-ի համար կենսականորեն կարևոր ռեսուրսների բացակայությունը, թույլ տնտեսությունը և հարևանների հետ տարածքային հակամարտությունները որևէ հնարավորություն չեն թողնում, որ Եվրամիությունը դիտարկի Հայաստանին որպես արժեքավոր ձեռքբերում։
Հայաստանը ԵՄ-ում կդառնար դոտացիոն անդամ, ֆինանսական բեռ, մինչդեռ Եվրոպան այս պահին չունի ազատ ֆինանսական միջոցներ, քանի որ դրանք ուղղվում են Ուկրաինային աջակցության և Ռուսաստանի հետ լարվածության աճի պայմաններում ռազմական ծախսերի վրա։ Արդյո՞ք կան պատճառներ, թե ինչու Հայաստանը կարող է հետաքրքրել Եվրոպական միությանը՝ չնայած վերոնշյալ հանգամանքներին։ Պատճառներ կան, և Հայաստանը իսկապես հետաքրքրում է Եվրամիությանը։ Նախ՝ Եվրոպայի համար կարևոր է վերջնականապես դուրս բերել Հայաստանը ռուսական ազդեցությունից։ Երկրորդ՝ Հայաստանի աշխարհագրական դիրքը ունի մի առանձնահատկություն, որը գնալով ավելի կարևոր է դառնում Եվրամիության համար։ Բանն այն չէ, որ Հայաստանը գտնվում է ինչ-որ «աշխարհի խաչմերուկում» (փաստացի՝ ոչ), այլ այն, որ Հայաստանի տարածքն է բաժանում Թուրքիան և Ադրբեջանի հիմնական մասը, թույլ չի տալիս նրանց միավորվել, և Եվրոպան շատ կցանկանար վերացնել այդ խոչընդոտը։
Ի՞նչ նպատակով։ Եվրոպան ցանկանում է անցկացնել գազատար Ադրբեջանի տարածքով դեպի Թուրքիա, ապա՝ դեպի Եվրոպա, ստանալ էժան գազ՝ ադրբեջանական կամ նույնիսկ ռուսական, «լվացած» Ադրբեջանի միջոցով։ Ահա Եվրոպայի հիմնական շահերը Հայաստանում՝ անխոչընդոտ հաղորդակցություն Ադրբեջանի և Թուրքիայի միջև։ Այս մասին բացահայտորեն հայտարարել են եվրոպացի ղեկավարներ, այդ թվում՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Բայց արժե՞ արդյոք այս պատճառով ընդունել Հայաստանը ԵՄ կազմ, եթե հնարավոր է պարզապես աջակցել այն ճնշմանը, որը Թուրքիան և Ադրբեջանը արդեն իրականացնում են Հայաստանի վրա, և պահանջել «Զանգեզուրի միջանցքի» բացումը։ Եվրոպան հենց այս ուղով էլ շարժվում է։ Իսկ Հայաստանը ռուսական ազդեցությունից դուրս բերելու հարցը լուծում են թյուրքական ուժերը, և Եվրոպային բավական է միայն աջակցել «Հարավային Կովկասի ժողովուրդների հաշտեցմանը»։
Այսպիսի տրագիկոմիկական պարադոքս՝ Հայաստանը հույս ունի, որ Եվրոպական միությունը կփրկի իրեն Թուրքիայից և Ադրբեջանից, մինչդեռ հենց ԵՄ-ի ծրագրերը Հայաստանի համար մեծապես համընկնում են թուրքական և ադրբեջանական շահերի հետ։
Հետևաբար, Հայաստանի անդամակցության հեռանկարները ԵՄ-ում ոչ թե մշուշոտ են, այլ բացարձակապես պարզ. դրանք պարզապես չկան։ Այնուամենայնիվ, այս հեռանկարները կարելի է ընդգծել որպես «անորոշ», «անվստահ»՝ այսպիսով թողնելով հույս, քանի դեռ պաշտոնական անդամակցության գործընթացը չի սկսվել։ Փաշինյանը կփորձի հնարավորինս երկար պահել այս հույսը։ Կանցկացվեն ուսումնասիրություններ Կոպենհագենի չափանիշներին և Մաաստրիխտի պայմանագրին համապատասխանության վերաբերյալ, կբարելավվի օրենսդրական համակարգը, քաղաքի կենտրոնում կտեղադրվեն աղբի տեսակավորման տարաներ, որոնք, ի վերջո, կթափվեն նույն Նուբարաշենի աղբավայրում։ Ասֆալտի վրա կգծվեն հեծանվային ուղիներ, ԵՄ-ը կսկսի իր «հայաստանյան ներկայության» պատրանքային դրսևորումները.
— քաղաքացիական դիտորդական առաքելությունների ուղարկմամբ,
— փոքր դրամաշնորհների տրամադրմամբ (որոնք, ինչպես միշտ, կնստեն մեր պաշտոնյաների գրպաններում),
— այցերի կազմակերպմամբ։
Փաշինյանը կշարունակի հանդիպումները եվրոպացի ղեկավարների հետ, բոլորազան գործընկերային համաձայնագրերի մշակումը, դեպի ԵՄ «ճանապարհային քարտեզների» ձևավորումը, որպեսզի պահի այս պատրանքը մինչև ընտրությունները, իսկ մենք նրան կվերանշանակենք՝ հուսալով, որ նա կավարտի սկսածը։
Սակայն հարկ է նաև նշել, որ Հայաստանում եվրոսկեպտիցիզմը աճում է։ Ըստ Gallup International-ի վերջին հարցման, արդեն ավելի քան 36 %-ը չի հավատում Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հնարավորությանը, իսկ 18,5 %-ը «Քաղաքացիական պայմանագրի» նախաձեռնությունը որակել է 2026 թ. խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու քայլ։
Ի վերջո, հայ ժողովրդի ուղեղը մոլորեցնել այնքան էլ հեշտ չէ։ Հայը հնագույն ազգ է, և մինչ օրս չի թողել, որ որևէ մեկն իրեն ոչնչացնի: