13 Մայիսի, 2025

Ես, ի տարբերություն Հայկ Կոնջորյանի, որևէ բան մերկապարանոց չեմ խոսում, որևէ բան դիվահարված չեմ արձագանքում, ես խոսեցի չոր, պողպատե փաստերի մասին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Նա նշեց, որ մինչև հեղափոխությունը, Հայկ Կոնջորյանի կինն աշխատել է «Հայփոստու» և ստացել շատ ավելի քիչ աշխատավարձ. «Իսկ 2021 թվականից սկսած՝ նրա աշխատավարձը թռիչքաձև աճել է՝ 6-ից դառնալով 10մլն դրամ։ Հայփոստի մոտ 3000 աշխատողներ շատ ավելի ցածր աշխատավարձ են ստանում։

Միջինում ստանում են տարեկան 1.8մլն դրամ աշխատավարձ։ Ուզում եմ արձանագրել, որ դրանից հետո Կոնջորյանի կինը դարձել է Հայփոստի ղեկավար։ Ես չեմ պնդում, այլ հարց եմ հնչեցրել՝ կա՞ այստեղ կոռուպցիոն որևէ ռիսկ, որ այս թռիչքաձև աճն ունցել է ՔՊ խմբակցության ղեկավարի կինը»։

Պատգամավորի խոսքով՝ իր հարցադրումներից հետո Հայկ Կոնջորյանը փորձել է իրեն թիրախավորել. «Ուզում եմ Հայկ Կոնջորյանին, Նիկոլ Փաշինյանին և մյուսներին հայտարարել, որ ես՝ «Ժողովուրդ» օրաթերթի հիմնադիրս, այո՛, ունեմ բնակարաններ, որոնցից մեկն օրաթերթի խմբագրությունն է։ Ունեմ երկու բնակարան, որոնք ունեցել եմ մինչև ամուսնանալը։ Ամուսնանալուց հետո, ամուսնուս հետ գնել ենք ևս մեկ բնակարան։ Առաջիկայում էլ պատրաստվում եմ գնել 4-րդը՝ եկամտահարկից օգտվելով, ինչպես բոլորը։ Դա հատուկ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները թող իմանան։ Պետք լինի՝ 5-րդն էլ կառնեմ, քանի որ իմ կյանքն իմ հայրենիքում եմ պատկերացնում, և իմ երեխաները պետք է ունենան ապագա։ Ի դեպ, բոլոր բնակարանները գնել եմ հիփոթեքով՝ ամեն բնակարանի համար վճարել եմ 10 և ավելի տարիներ։

Վերջին բնակարանի համար դեռ 38մլն դրամ ունեմ վճարելու՝ առաջիկա 15 տարում»։ Հարցին՝ ինչպե՞ս է կարողացել հասարակ լրագրող լինելով՝ այդքան բան գնել՝ ի պատասխան պատգամավորը նշեց. «Եթե Հայկ Կոնջորյանը լավ լրագրող լիներ, ինքն էլ կկարողանար գնել բնակարան, և ես՝ որպես թերթի հիմնադիր, գուցե, այդ ժամանակ իրեն ընդունեի աշխատանքի, ինչպես իրենց խմբակցությունից մի քանիսին, ու կստանար բարձր աշխատավարձ, կկարողանար ինքն էլ բնակարան գնել, ինչպես մեր օրաթերթի աշխատակիցներն են գնել»։

Նա նաև ավելացրեց, որ ինքն այդ բնակարանները ձեռք է բերել մինչև պատգամավոր դառնալը, «այլ ոչ թե իշխանության ներկայացուցիչների պես մանդատը ստանալուց հետո». «Ես կայացած մարդ եմ եղել մինչև պատգամավոր դառնալը և իմ պրոգրեսը եղել է 23 տարեկանից սկսած։ Իմ աշխատանքն ունեցել է իր արդյունքները»։

Լրահոս