13 Մայիսի, 2025

Ես՝ որպես ՄԻՊ, ճիշտ չեմ համարում այն իրավիճակում, երբ ազատությունից զրկումը չի ծագել անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա և տեղի չի ունենում անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա, անձին ազատությունից զրկելը: Այդ մասին Ազգային ժողովի՝ մայիսի 13-ի նիստին ՄԻՊ-ը՝ 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը ներկայացնելիս ասաց ՀՀ օմբուդսմեն Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով լրագրող Լիլիթ Աղեկյանին առնչվող միջադեպին:

ՀՀ ՄԻՊ-ը բոլորին՝ իրավապահ մարմինների ներկայացուցիչներին, հանրային գործիչներին, ԶԼՄ-ներին, որոնք, ըստ Անահիտ Մանասյանի, զգայունության կոնտեքստից դուրս հրապարակումներ են անում, կոչ արեց ցուցաբերել պատշաճ զգայունություն՝ ընդգծելով, որ վատ վերաբերմունքը կապ չունի այն բանի հետ, թե անձն ինչ արարք է կատարել:

«Նշված գործի հետ կապված՝ թե՛ մենք տիկին Աղեկյանի հետ ենք հանդիպել, զրուցել, թե՛ ես ինքս Գյումրիում անձամբ հարազատների հետ եմ զրուցել, իրենց բոլոր բողոքները մեզ ներկայացրել են: Ես միանշանակ պահանջել եմ պարտադիր քննություն բոլոր մտահոգությունների և բողոքների հետ կապված, որովհետև եթե կան արժանահավատ տվյալներ վատ վերաբերմունքի որևէ դրսևորման, դրանք առաջին հերթին, այո՛, պետք է արժանանան պատշաճ գնահատականի մեր երկրում գործող օրենքով սահմանված մեխանիզմներով»,- ասաց Մանասյանը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին ի պատասխան՝ ՀՀ օմբուդսմենը կդատապարտի՞ տեղի ունեցածը, Մանասյանը նախ նշեց, որ գրավոր ձևով պաշտոնական պարզաբանումներ են պահանջել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետք է կարողանան լսել բոլոր կողմերին, ապա հավելեց. «Եթե չներկայացվեն առանձնահատուկ տվյալներ և պարզաբանումներ, որոնք կարող են հակառակի մասին վկայել, ես ճիշտ չեմ համարում կնոջը հնարավորություն չտալը՝ փոխելու տնային հագուստը, որը, ըստ նրա, օգտագործվում է նաև որպես գիշերազգեստ, նաև հողաթափերը փոխել, և այդ ձևաչափով տեղափոխել համապատասխան վայր: Ամեն մեկս ունի խոսելու իր ոճը, բնականաբար, եթե ասում եմ՝ ճիշտ չէ, նշանակում է՝ մտահոգված եմ և դատապարտում եմ»:

Լրահոս