Պաշտոնական այցով Ղազախստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահ Երլան Կոշանովի հետ: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Շնորհակալություն հայտնելով Երլան Կոշանովին հրավերի, ինչպես նաև ջերմ ընդունելության համար` Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ մեր երկիրը բարձր է գնահատում Ղազախստանի հետ գործընկերային հարաբերությունները և պատրաստ է ջանքեր ներդնել դրանց հետագա խորացման ուղղությամբ: Այս համատեքստում ԱԺ նախագահն անդրադարձել է օրենսդիր մարմինների միջև համագործակցության խորացմանը՝ առաջարկելով դիտարկել երկու խորհրդարանների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի ձևաչափը:
Խոսելով տարածաշրջանային զարգացումների ու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման անհրաժեշտության մասին` ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել ղազախական կողմին Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին աջակցելու համար:
Ալեն Սիմոնյանը գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել նաև Ադրբեջանում գտնվող գերիների և պահվող անձանց խնդրին:
ՀՀ խորհրդարանի ղեկավարը Երլան Կոշանովին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան:
Հանդիպման ավարտից հետո Ալեն Սիմոնյանը գործընկերոջ ուղեկցությամբ շրջել է Ղազախստանի խորհրդարանի շենքում: