7 Փետրվարի, 2026

Հայաստանի քաղաքական դաշտում ամեն ընտրական փուլում կրկնվում է նույն սցենարը․ խոշոր կապիտալի ներկայացուցիչները հանկարծ սկսում են խոսել փոքր և միջին բիզնեսի անունից՝ տալով մի խոստում, որը միշտ լավ է աշխատում ընտրություններից առաջ․ «փոքր ու միջին բիզնեսը չի հարկվելու»։

Կարապետյանների ընտանիքը այս մոտեցման հերթական կրողն է։ Տասնամյակներ շարունակ խոշոր բիզնեսի և համակարգային արտոնությունների վրա հարստացած մարդիկ այսօր փորձում են համոզել հասարակությանը, որ իրենք կանգնած են փոքր բիզնեսի կողքին։ Սակայն նրանց ասածը ոչ թե ծրագիր է, այլ խաբուսիկ խոստում՝ առանց որևէ մեխանիզմի, օրենքի կամ երաշխիքի։

Առանձնահատուկ խնդիրն այն է, որ նման խոստումներ տալիս են մարդիկ, որոնց անցյալը ցույց է տալիս հակառակը։ Երբ այս նույն շրջանակները ունեցել են իրական ազդեցություն տնտեսության վրա, փոքր ու միջին բիզնեսը երբեք պաշտպանված չի եղել։ Ընդհակառակը՝ հենց այդ տարիներին էր, որ փոքր բիզնեսը կամ փակվում էր, կամ ստիպված էր աշխատել ստվերում։

Այսօր «հարկ չեք վճարի» խոստումը կրկնվում է նույն մարդկանց կողմից, որոնք երբեք չեն պայքարել փոքր բիզնեսի իրական թեթևացման համար։ Դա քաղաքական մանիպուլյացիա է՝ կառուցված մարդկանց վախերի և սոցիալական դժվարությունների վրա։ Խոստում, որը ծառայում է միայն մեկ նպատակին՝ ձայներ հավաքելուն։

Փոքր և միջին բիզնեսը Հայաստանում արդեն բավարար փորձ ունի հասկանալու, որ նման հայտարարությունները գործում են միայն մինչև ընտրությունների օրը։ Առանց հստակ քաղաքական պատասխանատվության, անցյալի գնահատականի և իրավական երաշխիքների, «հարկ չեք վճարի»-ն մնում է պարզապես հերթական ընտրական խաբկանք։

Հայաստանին պետք չէ խաբուսիկ խոստումներ տվող հերթական «փրկիչը»։ Հայաստանին պետք են կանխատեսելի և արդար խաղի կանոններ, ոչ թե ընտրությունից ընտրություն կրկնվող սուտ խոսքեր։

Քրիստինե Ավագյան

Լրահոս