Այսօր՝ մայիսի 25-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07։15-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր Մ3 ավտոճանապարհի 71 կմ հատվածում, Ապարան-Քուչակ հատվածում բախվել են «Nissan Teana» մակնիշի և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով երկու ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մանուկ Սարգսյանի և նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատարի տեղակալ, օրվա պատասխանատու Գարիկ Մովսիսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արթուր Սահակյանը և Ստեփան Հովակիմյանը։Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Արթուր Մնոյանի, վարչության պետի տեղակալ Հրաչ Դավթյանի, Ապարանի քննչական բաժնի պետ Ալեքսեյ Կարապետյանցի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։