28 Մայիսի, 2026

Այսօր Հանրապետության օրը նշվում էր մեծ շուքով։ Մայիսի 28-ի տոնակատարության շրջանակում մայրաքաղաքում կազմակերպվել էր պաշտոնական միջոցառում ու զորահանդես, բայց ինչպես պարզվեց՝ հրապարակ մուտքը միայն հրավիրատոմսերով էր։ Առանց հրավերի՝ մուտք չկար,ամեն ինչ խիստ վերահսկվող, նախապես հաստատված ցուցակներով ու արարողակարգային կանոններով։

Ներսում էլ՝ նույն դասական կազմը՝կառավարության անդամներ, պետական կառույցների ղեկավարներ, դեսպանատների ներկայացուցիչներ ու այլ «ընտրյալ» հյուրեր։ Բնականաբար, առաջին շարքում էլ նստած էին բոլոր 10 մարզպետները՝ ամբողջ կազմով, որպես պետական պատվիրակության պարտադիր դեկոր։

Իսկ վերջերս ոնց որ բոլորս ենք նկատել՝ նույն այդ մարդիկ, ովքեր հիմա պաշտոնական շարքերով նստած էին, վերջին ամիսներին «բան ու գործ թողած» ընկած էին մարզերով ու գյուղերով։ Քարոզարշավի տրամաբանությամբ՝ որ գյուղ ասես գնացին, որ երբեք ոտք չէին դրել։ Բոլորի հետ «ձեր մարդն ենք» խաղացին՝ պաչեցին, խոնարհվեցին, ժպտացին, ասացին՝ «մենք ձեզնից ենք»։

Պեռաշկի էին ուտում, ծառից միրգ էին քաղում, «գյուղի տղերք ենք» կերպարով ներկայացնում էին իրենց, իբր՝ պարզ ու հասանելի մարդիկ են։ Էնպիսի ջերմությամբ էին գյուղ մտնում, կարծես վաղուց կորած բարեկամներին էին գտել։ Մի տեղ՝ տատիկի ձեռքը բռնած, մի ուրիշ տեղ՝ երեխու գլուխը շոյած, մի գյուղում՝ լավաշ թխողների կողքը կանգնած, մյուսում՝ ծիրանի այգում լուսանկար։ Ամեն ինչ՝ ըստ նախընտրական սցենարի։

Հետո էլ՝ նույն այդ «գյուղի տղերքը» վաղ առավոտյան թանկարժեք կոստյումներով հայտնվեցին հրապարակում։ Արդեն ուրիշ դեմքերով, ուրիշ պահվածքով։ Գյուղական պարզության փոխարեն՝ պաշտոնական կեցվածք, խիստ դեմքեր, արարողակարգային ժպիտներ։ Ամեն մեկն իր նշանակված աթոռին, իր կարգավիճակին համապատասխան տեղում։

Եվ վերջում՝ դասական ավարտ՝բոլորը կանգնած, խմբակային պաշտոնական լուսանկար, ամեն մեկը իր «նշանակված» տեղում։ Միջոցառման պաշտոնական ամփոփում, կադր, որը գուցե տարիներ հետո ուրիշ իմաստով նայեն։

Ու անկեղծ ասած՝ էսօրվա նկարը մի տեսակ «մարզպետների վերջին զանգն» էր հիշեցնում։ Թանկարժեք կոստյումներով, պարտադիր ժպիտներով, շարք կանգնած՝ գուցե վերջին խմբակային լուսանկարն էր մարզպետի կարգավիճակում։

Ով գիտի՝ հաջորդ քաղաքական սեզոնից հետո ով որտեղ կհայտնվի։ Էսօրվա նկարը գուցե վաղը արդեն արխիվային հիշողություն դառնա՝«նախկին մարզպետների» հերթական ընդհանուր լուսանկար։

Քրիստինե Ավագյան

Լրահոս