5 Հունիսի, 2026

Ամառը Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնում մեկնարկեց տոնական միջոցառումների շարքով` նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան:

Նախ՝ «Տունը, որը կկառուցենք միասին » վարպետության դասի ժամանակ փոքրիկ երևանցիները՝ «ART OK.NO» դպրոցի հիմնադիրներ Մաքսիմ և Վիկտորիա Սոցկովների գլխավորությամբ, կառուցեցին մի մեծ տուն` ստվարաթղթե բլոկներից, որոնք իրենք նախապես գեղարվեստորեն զարդարել էին:

«Մենք ցանկանում էինք երեխաներին միավորել ընդհանուր նպատակի շուրջ և որոշեցինք, որ լավագույն բանը, որ կարող ենք միասին անել, տուն կառուցելն է, որը բոլորը նույնականացնում են հարմարավետության և ջերմության հետ», – մեզ հետ զրույցում ասաց ճարտարապետ Վիկտորիա Սոցկովան:

Կատարված աշխատանքից երեխաների հիացմունքի մասին վկայում էր այն, թե ինչ ուրախությամբ էին նրանք խաղում իրենց կառուցած տանը և լուսանկարվում դրա ֆոնին:

Տոնակատարությունը շարունակվեց «Մանկության երաժշտական ​​գույները» համերգով, որի ընթացքում ելույթ ունեցան «Կամերտոն» մանկական վոկալ ստուդիայի և «Նանե» ու «Վիվա» պարային ստուդիաների սաները: Նրանք կատարեցին մանկական հիթեր և խորհրդային մուլտֆիլմերից երգեր, ինչպես նաև տարբեր ազգերի պարեր:

Համերգի կազմակերպիչների խոսքով՝ նման միջոցառումները տոն են ոչ միայն փոքրիկ հանդիսականների, այլև կատարողների համար, որոնց հնարավորություն են ստանում ելույթ ունենալ մեծ բեմում: «Մեզ հաճելի է տեսնել երեխաների ուրախ դեմքերն ու ոգեշնչումը նրանց աչքերում: Մեր կենտրոնը մի վայր է, որտեղ նրանք հանդիպում են, շփվում, ցուցադրում իրենց տաղանդները և ծանոթանում այլ ազգերի մշակույթի և ավանդույթների հետ», – մեզ հետ զրույցում ասաց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի միջոցառումների բաժնի ղեկավար Ծովինար Ամիրյանը:

Տոնական միջոցառումները կազմակերպել էին Մոսկվայի կառավարությունը, Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային հարաբերությունների վարչությունը, Մոսկվայի հայրենակիցների տունը և Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը:

 

Լրահոս