Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում ավարտվել են թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումները։ Հայաստանի հավաքականը տարել է 4 հաղթանակ, զբաղեցրել է երկրորդ տեղը և նվաճել Եվրոպական գոտու 3-րդ ենթախմբի ուղեգիր։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վահե Ավետիսյանի խոսքով՝ թիմն ամբողջովին կատարել է իր առջև դրված խնդիրը:
«Պետք էր չորս հաղթանակ տանել, որպեսզի ապահովեինք հաջորդ ենթախումբ դուրս գալը։ Արդեն նշանակություն չուներ՝ առաջի՞ն, թե՞ երկրորդ տեղը կզբաղեցնեինք։ Շատ երիտասարդ ու խոստումնալից մարզիկներ ունենք, որոնք շատ լավ մրցաշար անցկացրին»,- նշել է Վահե Ավետիսյանը։
18-ամյա Դավիթ Պողոսյանը, որն առաջին անգամ էր մասնակցում Դևիսի գավաթի խաղարկությանը, տպավորիչ արդյունք է գրանցել՝ տանելով չորս հաղթանակ մենախաղում և մեկ հաղթանակ՝ զուգախաղում։
«Բառերով դժվար է նկարագրել այն, ինչ զգում եմ։ Սա իմ թենիսային կարիերայի լավագույն պահն է։ Առավել ևս ոգևորիչ էր խաղալ հենց Հայաստանում՝ այսպիսի հրաշալի պայմաններում և մեր երկրպագուների աջակցությամբ»,- նշել է Դավիթ Պողոսյանը։
Նշենք նաև՝ թենիսի Հայաստանի կանանց հավաքականն էլ Սան Մարինոյում դուրս է եկել
Բիլի Ջին Քինգի (կանանց աշխարհի թիմային գավաթ) գավաթի խաղարկության 2-րդ ենթախումբ:
Անցումային փլեյ-օֆֆում մեր հավաքականը 2։0 հաշվով առավելության է հասել Էստոնիայի նկատմամբ։ Մենախաղում հաղթանակներ են տարել Անի Ամիրաղյանն ու Էլինա Ավանեսյանը: