«Փաստ» օրաթերթը գրում է.
Ստեղծվել է մի իրավիճակ, երբ ներքին լսարանի առաջ ագրեսիվ հռետորաբանությամբ, գոռգոռոցներով ու «դուխով» կերպարով հանդես եկող իշխանությունը արտաքին ճակատում ընդունակ չէ անգամ պրիմիտիվ ու տրամաբանական հարցադրումներ անել։
Եթե Հայաստանը կատարում է Բաքվի բոլոր նախապայմանները, ինչո՞ւ իբր խաղաղության ձգտող Ադրբեջանը պաշտոնապես չի հրաժարվում «Արևմտյան Ադրբեջանի» մասին իր կեղծ, աբսուրդային ու վտանգավոր խոսույթից։
Այս ամենի ֆոնին առանձնակի քննադատության է արժանի Հայաստանի իշխանությունների որդեգրած բացարձակ հրաժարողական քաղաքականությունը Արցախի հարցում։ Պաշտոնական Երևանը ոչ միայն չի փորձում, այլև բացահայտորեն խուսափում է միջազգային հարթակներում բարձրացնել Արցախի հայության հավաքական և անվտանգ վերադարձի, նրանց իրավունքների ու սեփականության պաշտպանության հարցը։ Սեփական հայրենակիցների իրավունքների պաշտպանությունը միջազգային օրակարգից ամբողջությամբ ջնջելով և արցախյան էջը վերջնականապես փակված համարելով՝ իշխանությունները Բաքվին հնարավորություն տվեցին անարգել առաջ մղել իր պատմական կեղծարարությունը։ Արդյունքում, Ադրբեջանը, էթնիկ զտման ենթարկելով Արցախի բնիկ հայությանը, այսօր միջազգային հանրությանն է հրամցնում «Արևմտյան Ադրբեջանի» շինծու թեզը, իսկ Հայաստանի կառավարությունը լուռ հետևում է այս ընթացքին՝ վախենալով խախտել իր իսկ կողմից հորինված «խաղաղության պատրանքը»։
Քանի դեռ հայկական դիվանագիտությունը հանդես է գալիս բացառապես զիջողի և Ադրբեջանի պահանջները հիմնավորողի դերում, ցանկացած թղթային պայմանագիր ոչ թե խաղաղություն է բերելու, այլ պարզապես արձանագրելու է Հայաստանի հերթական կապիտուլյացիան։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում