20 Հունիսի, 2026

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ցանկացած երկրի համար ռազմավարական շուկաների փակվելն ու տնտեսական սահմանափակումները, որոնք ուղիղ հարվածում են տեղական արտադրողին, ազգային անվտանգության և հազարավոր ընտանիքների գոյատևման խնդիր են: Սակայն կառավարության վերջին նիստին հաջորդած բրիֆինգի ժամանակ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունները՝ կապված ծիրանի արտահանման խոչընդոտների և փչացող բերքի հետ, ավելի շատ նման էին սեփական ժողովրդին ու գործարարներին բացահայտ ձեռք առնելու և ծաղրելու:

«Ո՞ւմ տանը ծիրանը չի փչանում, բոլորիս տանը փչանում է, ինչո՞ւ է դա դառնում թոփ նյուզ» ձևակերպումը ոչ այլ ինչ է, եթե ոչ անթաքույց ու բացահայտ կերպով «կայֆավատ լինել» սեփական ընտրողների, նաև՝ չընտրողների վրա: Սա ուղիղ հասցված ուժգին հարված է այն մարդկանց, ովքեր հավատացել են իրեն, իսկ հիմա նրանց առաջարկվում է մի պարզ բանաձև. «Հանուն Փաշինյանի քաղաքական ամբիցիաների՝ դուք պիտի սոված մնաք»:

Երկրի ղեկավարն, ըստ էության, հավասարության նշան է դնում սառնարանում մոռացված երկու հատ ծիրանի և տոննաներով փչացող, արտահանման ենթակա բերքի միջև, որի տակ տնտեսվարողները վարկեր, հսկայական պարտքեր ու ընտանիք պահելու հոգսեր ունեն: Ստեղծվում է մի իրավիճակ, որտեղ Նիկոլ Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականության և միջազգային հարաբերությունների կործանարար գինը պետք է վճարի շարքային քաղաքացին՝ իր օրվա հացով, սոցիալական վիճակի վատթարացմամբ, բայց դա անձամբ նրա կողմից մատուցվում է որպես սովորական, ընդունելի մի կենցաղային թեմա:

Տարիների քրտնաջան աշխատանքը, ներդրումները և լոգիստիկ շղթաները, որոնք կոտրվում են իշխանության անգործության պատճառով, հենց Փաշինյանի մակարդակով իջեցվում են կենցաղային «մուննաթի» մակարդակի: Այս հայտարարությունը լավագույնս ի ցույց է դնում, թե ինչ աստիճանի անլուրջ, անպատասխանատու ու մակերեսային մոտեցում ունի նա պետական կառավարման և սեփական երկրի գործարարների ու, ընդհանրապես, քաղաքացիների նկատմամբ: Ինչ աստիճանի միևնույնությամբ, անգամ՝ «թքածունեցողական» վերաբերմունք ունի քաղաքացիների վիճակի, սոցիալական ապահովության նկատմամբ: Այ թե ինչ է ցույց տալիս այս ամենը:

Ինչպե՞ս կարող է երկրի ղեկավարը տնտեսական պատժամիջոցների հետևանքով առաջացած աղետը դիտարկել որպես հերթական «թոփ նյուզ», այլ ոչ թե րոպե առաջ լուծում պահանջող ճգնաժամ:

Ու միայն սա չէ: Ուրեմն, ինքն իր վարած «քաղաքականությամբ» փչացնի հարաբերությունները մի երկրի, ավելին՝ տնտեսաքաղաքական միավորման (ԵԱՏՄ-ի) հետ, գյուղմթերք արտադրողները, դրա հետ շաղկապված բիզնեսներն առանց այլընտրանքի հնարավորության զրկվեն իրենց բիզնեսգործունեության շուկայի 98 տոկոսից, բայց Փաշինյանը առաջանցիկ «մուննաթ» գա բոլոր այդ մարդկանց վրա, թե՝ «հարմարվեք նոր շուկաներին»: Ասել կուզի՝ դուք, ձեր ապրանքը, ոնց ուզում եք, տակից դուրս եկեք, ի՞նձ ինչ…

Սա, կարելի է ասել, «կայֆավատ լինելուց» էլ անդին է:

Ավելին, երբ Նիկոլ Փաշինյանը սեփական աշխարհաքաղաքական արկածախնդրության պատճառով չի կարողանում ապահովել իր տնտեսվարողների անվտանգությունն ու կայունությունը, իսկ հետո հեգնում է այդ նույն մարդկանց կրած վնասները, դա խոսում է պետական մտածողության իսպառ բացակայության և բացառիկ ցինիզմի մասին: Սա ուղիղ ազդակ է բիզնեսին, որ ճգնաժամի պահին նրանք մնալու են լիովին միայնակ, իսկ ինքը, լավագույն դեպքում, հեռուստաէկրաններից կբացատրի՝ դե, բոլորի տանն էլ ծիրանը փչանում է, դրանից ողբերգություն սարքել պետք չէ:

Ի դեպ, նախ՝ խոսքը միայն ծիրանի մասին չէ: Իրականում պատկերը շատ ավելի ընդգրկուն է և տխուր: Խոսքը գյուղմթերքի գրեթե ամբողջ տեսականու մասին է. լոլիկ, պղպեղ, վարունգ, կորիզապտուղներ (կեռաս, բալ), հարկավ՝ նույն ծիրանը, գումարած՝ դեղձը: Ավելին՝ ծաղիկները:

Ու քանի որ իրենք առավելապես «փիարվելու» հարցում են ուժեղ, գլուխ են գովում, թե 5000 ծաղիկ այստեղ արտահանեցին, 10000 ծաղիկ՝ այնտեղ: Նույնիսկ էական չեն այն տեղեկությունները, որ, ասենք, այդ 10000 ծաղիկն այլ երկիր արտահանելը կառավարության հետ ոչ մի կապ չունի, բիզնեսմենը շատ ավելի վաղ նման գործարք էր կնքել: Բայց, իրոք, նույնիսկ դա չէ կարևոր: Կարևորն այն է, որ կառավարության ղեկավարի վարած քաղաքականության հետևանքով մի ամբողջ ոլորտ զրկվել է շուկայից, որտեղ տարեկան մոտ 95 միլիոն ծաղիկ է իրացնում:

Չնայած «մաթեմատիկայից կաղալու» ինքնախոստովանությանը, հաշվել գոնե պիտի որ կարողանան: Համեմատեք մի քանի հազարն ու 95 միլիոնը:

Նույնը՝ ծիրանի, կեռասի, առհասարակ, չարտահանված ու փչացած, նաև՝ փչանալիք պտուղ-բանջարեղենի մասին:

Եվ սա էլ նույնիսկ ամենը չէ. Փաշինյանն արդեն «մեղավոր է նշանակում» հողագործներին, ֆերմերներին, գործարարներին, թե՝ ձեր անորակ ապրանքով մեր ինքնիշխանության հետ եք խաղում: Այսի՞նքն: Ի՞նչ է ուզում ասած լինել. որ մինչև այս անորակ ապրանք էր մատակարարվո՞ւմ ավանդական դարձած շուկաներ, ասենք՝ Ռուսաստան: Հարց է ծագում. նախ՝ այդ ինչո՞ւ նախկինում նման խնդիրներ չէին ծագում, եթե լինում էլ էին, ապա հատուկենտ դեպքեր, որոնք արագ կարգավորվում էին, և հետո՝ իսկ ինչի՞ համար են Հայաստանի համապատասխան պետական կառույցները, որոնք պետք է հսկողություն իրականացնեն և որոնց ղկավարները, նկատենք, որպես պետական ծառայողներ, աշխատավարձերից բացի, նաև ոչ քիչ պարգևավճարներ են ստանում: Թե՞ իր մեղքով փչացած հարաբերությունների համար հիմա էլ նոր «քավության նոխազներ» է փնտրում: Ինչպես նախկին բոլոր դեպքերում: Ասել ենք, կրկնենք, մի օր կարթնանաք ու կտեսնեք, որ Փաշինյանն այս ամբողջ աղետների, փորձանքների համար (նաև սպասվող) բոլոր մեղքերը գցելու է ժողովրդի «գրպանը»: Վաղուց արդեն այդ ճանապարհին է…

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս