Արթիկում, ինչպես երևում է, հաղթանակը պարզապես արձանագրելու բան չէ,հաղթանակը պետք է նշվի այնպես, որ նույնիսկ հարևան համայնքներում հասկանան՝ «աշխատանքը գնահատվել է»։ Քաղաքապետ Անան Ոսկանյանը, ըստ շրջանառվող տեղեկությունների, որոշել է, որ թիմի քրտնաջան աշխատանքը չի կարող անպարգև մնալ։ Ի վերջո, մարդիկ օր ու գիշեր աշխատել են, փողոց առ փողոց, գյուղ առ գյուղ քարոզել, համոզել, բացատրել, հորդորել։ Այդպիսի անձնազոհությունը մի բաժակ հանքային ջրով չես գնահատի։
Ասում են՝ խորհրդարանական ընտրություններից հետո Շիրակի մարզի ՔՊ-ական ակտիվը հավաքվել է ռեստորանային ջերմ մթնոլորտում։ Սեղանների շուրջ ներկա են եղել նախկին ու ներկա պաշտոնյաներ, համայնքների ղեկավարներ, մարզային դեմքեր, կուսակցական թիմի անդամներ։ Եվ, իհարկե, լավ տրամադրությունը, ինչպես ընդունված է ասել, գերազանցել է բոլոր սպասելիքները։ Չէ՞ որ արդյունքը եղել է այնպիսին, որ կարելի էր ոչ միայն կենաց ասել, այլ նաև կենացների համար առանձին կենացներ խմել։
Հատկապես տպավորիչ է եղել քաղաքապետի շնորհակալական խոսքը։ Ոսկանյանը, ըստ ներկաների, բարձր է գնահատել թիմի կատարած աշխատանքը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր ամիսներ շարունակ մարդկանց համոզում էին, որ ամեն ինչ ճիշտ ուղղությամբ է գնում։ Եվ, դատելով արդյունքներից, այդ համոզելու արվեստը վատ չի աշխատել։
Ավելին, պատմում են, որ նույնիսկ Ռուսաստանի տարբեր քաղաքներից Արթիկի հետ կապ ունեցող ընկերներ են ժամանել՝ ընտրական գործընթացների օրերին աջակցելու և «բարոյական ուժ» հաղորդելու համար։ Թե որքանով է այդ աջակցությունը վճռորոշ եղել, դժվար է ասել, բայց փաստ է՝ ընկերական համախմբվածության պակաս չի զգացվել։
Երեկոյի ամենահուզիչ պահը, սակայն, դեռ առջևում է եղել։ Վերջին կենացներից մեկի ժամանակ քաղաքապետը հիշեցրել է, որ աշնանը Արթիկում նոր ընտրություններ են սպասվում։ Եվ այստեղ արդեն հնչել են այնպիսի վստահության հայտարարություններ, որոնք սովորաբար նախընտրական շտաբներում էլ միշտ չէ, որ այդքան համարձակ են ասում։ Ըստ պատմողների՝ նա վստահություն է հայտնել, որ թիմը կրկին իր կողքին է լինելու, իսկ առաջիկա ընտրություններում սպասվում է «ջախջախիչ հաղթանակ»՝ անկախ նրանից, թե ընդդիմությունից ով կհամարձակվի առաջադրվել։
Մի խոսքով, Արթիկում քաղաքական տրամաբանությունը կարծես պարզ է,եթե թիմը լավ է աշխատել, ապա պետք է լավ հանգստանա։ Եթե ընտրություններ են հաղթել, ապա պետք է հաղթանակը նշեն։ Իսկ եթե առաջիկա ընտրություններն էլ դեռ չեն կայացել, դա ընդամենը տեխնիկական մանրուք է։ Կարևորն այն է, որ հաղթանակի կենացն արդեն ասված է, բաժակները բարձրացված են, և ապագա արդյունքներն էլ, կարծես, նախապես ամրագրված են սեղանի շուրջ։
Մնում է միայն հասկանալ՝ սա քաղաքական վստահության անսասան դրսևորո՞ւմ է, թե՞ այնպիսի ինքնավստահություն, երբ ընտրությունների արդյունքները երբեմն ավելի շուտ են հայտնի դառնում ռեստորանում, քան ընտրատեղամասերում։ Արթիկցիները, բնականաբար, իրենց պատասխանը կտան քվեատուփի մոտ։ Իսկ մինչ այդ, քաղաքական սեզոնը շարունակվում է՝ կենացներով, խոստումներով և հերթական «ջախջախիչ հաղթանակների» կանխատեսումներով։
Mnews.am