Այսօր` հունիսի 30-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։40-ի սահմաններում Շիրակ և Արարատյան փողոցների խաչմերուկում, ժողովրդին հայտնի «Զբոռնի պունկտի» խաչմերուկում, բախվել են Երևանի բնակիչ 25-ամյա Արմենի Խ.-ի վարած «Nissan Tiida» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 24-ամյա Հրաչ Թ.-ի վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է, իսկ բախման հետևանքով վնասվել են նաև կայանված 2 «Mercedes» մակնիշի ավտոմեքենաներ։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալներ Գրիգոր Ավետիսյանի, Արթուր Ադամյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են կայանված ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։