30 Հունիսի, 2026
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը շնորհավորական ուղերձ է հղել Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ։
«Այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է։ Նրա համար այս օրը երբեք առանձնահատուկ տոնականություն չի ունեցել, առավելևս նման երանգ չունի վերջին տարիներին, երբ մեր երկրի և ժողովրդի համար սարսափելի կորուստների և ծանր փորձությունների այս ժամանակաշրջանում, հասկանալիորեն, տրամադրություն էլ չի մնացել։ Նախագահը մշտապես նախընտրել է իր ծննդյան օրն անցկացնել տանը՝ ընտանիքի անդամների հետ։ Այսօր էլ բացառություն չէ։
Նա իրեն հատուկ զսպվածությամբ և քաղաքավարությամբ, ինչպես միշտ, կընդունի հարազատների, ընկերների, գործընկերների, համախոհների, աջակիցների շնորհավորանքները, ծանոթ ու անծանոթ մարդկանց ջերմ խոսքերը, շնորհակալ և ուշադիր կլինի յուրաքանչյուրի նկատմամբ, չնայած որ օրն իր համար հատուկ նշանակություն չունի։ Կխնդրի հրապարակային հնչած բազմաթիվ շնորհավորանքներին ի պատասխան անպայման իր կողմից շնորհակալական խոսք և փոխադարձ բարեմաղթանքներ հղել դրանց հեղինակներին, իսկ պաշտոնապես ստացված նամակներին՝ անհատապես պատասխանել։
Պարո՛ն Նախագահ, Դուք չեք սիրում, երբ գնահատանքի խոսքեր են հնչեցնում Ձեզ ուղղված շնորհավորանքներում։ Եվ այդուհանդերձ, ուզեք, թե չուզեք, Ձեր ամբողջ կյանքն ու կենսագրությունը, Ձեր գործունեությունն ուղղակիորեն և ամբողջությամբ կապված են մեր պետության և ժողովրդի պաշտպանության, անվտանգության ապահովման, նորանկախ Հայաստանի բանակաշինության և պետականության կերտման, Արցախի ինքնապաշտպանության կազմակերպման, ազատագրական պայքարի հետ։ Դրանք արժանապատիվ ու հաղթանակած պետության տարիներն էին։ Եվ փաստ է, որ Դուք Ձեր ուրույն ներդրումն ու անմիջական մասնակցությունն եք ունեցել այդ ամենում։ Գուցե հենց այդ պատճառով է առավել ծանր տեսնել, որ այն ամենը, ինչի համար պայքարել եք, ինչին նվիրել եք Ձեր կյանքի լավագույն տարիները, ինչի համար համազգային ջանքեր են ներդրվել և հազարավոր հայորդիներ իրենց կյանքերն են զոհաբերել, այսօր ոտնահարված ու մսխված է։

Անասելի դժվար է կրկին ուժ գտնել բազմաթիվ կորուստներից հետո առաջ նայել, հուսադրել կողքիններին, երբեք հոռետեսությամբ չտառապել, հուսահատությունը մեղք համարել, չափազանց իրատես լինելով՝ չկորցնել լավատեսությունը և շարունակել իրավիճակը փոխելու ելքեր փնտրել։

Դուք, ի տարբերություն շատ-շատերի, ունեցել եք համարձակություն խոսելու Ձեր սխալների, պաշտոնավարման տարիների թերացումների մասին, հրապարակային ներողություն եք խնդրել դրանց համար ու երբեք պատասխանատվությունը չեք բարդել ուրիշների վրա։ Եվ սա ևս Ձեր մարդկային արժանիքներից է, ինչպես նաև Հայրենիքին Ձեր անմնացորդ ծառայությունը, Ձեր դավանած արժեքներին, ընտանիքին ու ընկերներին անվերապահ նվիրվածությունը։

Թող Աստված Ձեզ ուժ և կորով պարգևի, ամուր առողջություն և երկար տարիների կյանք՝ տեսնելու Ձեր նպատակներն իրագործված՝ Հայաստանն ու հայկական Արցախը կրկին անվտանգ, հաղթանակած, արժանապատիվ ու խաղաղ, հզոր ներուժ ունեցող Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնությունը՝ վերականգնված, հասարակությունը՝ համերաշխ, ազգային դավաճանություն գործածները՝ ամենախիստ պատժին արժանացած, թշնամին՝ ջախջախված։ Թող այդ օրը մոտ լինի։

Շնորհավոր Ձեր ծնունդը, պարո՛ն Նախագահ»։

 

Լրահոս