Այստեղ պատրանքներ պետք է չունենալ, թե հանուն սկզբունքի կամ վեհ գաղափարների իրավապահները կհրաժարվեն կատարել վերևներից եկող հրահանգները: Փորձը ցույց է տվել, որ հրամանը չկատարողի փոխարեն անմիջապես նշանակվում է մեկ ուրիշը, ով անմնացորդ կատարում է այն: Հետևաբար, պետք չէ սին հույսեր փայփայել, թե իրավապահ համակարգն ինքնուրույն երբևէ դիմադրելու է այս գործերին ու քաղաքական հրահանգներին: Ուժային կառույցները միշտ եղել և մնում են օրվա իշխող քաղաքական ուժի որդեգրած գծի հայելային կրողը: Ահա թե ինչու միասնական հանրային պայքարը պետք է ուղղված լինի ոչ թե ինքնին իրավապահ համակարգի դեմ, այլ ընդհակառակը՝ պետք է ամեն ինչ անել նրանց քաղաքական ազդեցություններից ու միջավայրից զերծ պահելու համար: Թիրախը պետք է լինի կոնկրետ քաղաքական իշխանությունը, որը թիրախավորում է, հրահանգավորում և իրավապահներին դրդում է զբաղվել իրենց համար ոչ կոմպետենտ ու ոչ հարազատ գործերով: Այս հարցում համակարգին մենակ չթողնելն ու քաղաքական հրահանգների կապանքներից ազատելուն նպաստելը նաև ընդդիմության և քաղաքացիական հասարակության առաջնային անելիքն է:
Այս ամենի հետևանքով երկրում ձևավորվում է ծայրահեղ ծանր և թունավոր սոցիալական միջավայր, որտեղ մարդիկ ապրում են մշտական սթրեսի, անորոշության և վախի մթնոլորտում: Երբ հասարակությունը դադարում է վստահել իրավապահների՝ իրեն պաշտպանելու ունակությանը և տեսնում է միայն քաղաքականացված արդարադատություն, պետական ինստիտուտների հանդեպ վստահությունը հավասարվում է զրոյի: Այսպես շարունակվել չի կարող, և երկրում օդ ու ջրի պես անհրաժեշտ է արմատապես փոխել հոգեբանական ու սոցիալական մթնոլորտը: Իշխանությանը պետք է պարտադրել բացառել իրավապահների վրա ճնշումները քաղաքական նպատակներով և թույլ տալ, որ նրանք վերադառնան իրենց բուն առաքելությանը՝ հանցագործությունների կանխմանը, փողոցներում անվտանգության ապահովմանը և զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության դեմ իրական պայքարին: Հանրությունը կարիք ունի կայունության և անվտանգության զգացումի, այլ ոչ թե ամենօրյա տեռորի՝ քաղաքական հաշվեհարդարների և քրեական պատերազմների տեսքով: Շարքային քաղաքացին արժանի է ապրելու անվտանգ, կանխատեսելի երկրում, որտեղ փողոց դուրս գալիս ստիպված չի լինի մտածել պատահական փամփուշտի կամ չպայթած նռնակի զոհ դառնալու մասին, իսկ այդ փոփոխությունը պետք է սկսվի համակարգային մոտեցումների վերանայումից՝ քաղաքական նպատակահարմարությունը զոհաբերելով հանուն հանրային անվտանգության:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում