ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանը պատրաստվում է առաջադրվել Երևանի թիվ 3 ընտրատարածքում, որը ներառում է Շենգավիթի և Մալաթիայի վարչական տարածքները:
Հարցին, թե գնում է Մալաթիա հաղթելո՞ւ հանրապետական պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, Մանուկյանն ասաց. «Բոլորս էլ մրցելու ենք իրար հետ, անկախ նրանից կլինի Սամվել Ալեքսանյա՞նը, Աբրահամ Մանուկյա՞նը, թե՞ Պողոսյան Պողոսը: Եվ ամեն մեկն իր համակիրներին հավաքելու է իր շուրջ»:
«Կկարողանա՞ք առաջ անցնել Սամվել Ալեքսանյանից» հարցին ի պատասխան ԲՀԿ-ականն ասաց. «Ընտրապայքարի մեջ մտնելու դեպքում միանշանակ մենք էդտեղ ահագին մեծ շանսեր և ռեսուրս ունենք»:
Մանուկյանը նաև ասաց, որ հնարավոր է` իր փոխարեն առաջադրվի իր 35-ամյա որդին Արթուր Մանուկյանը: Արթուր Մանուկյանի անունը մամուլում շրջանառվել էր 2015 թվականին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում սպանված քրեական հեղինակություն Արթուր Հովհաննիսյանի Չուգունի հետ կապերի առթիվ։ Մասնավորապես գրվել է, որ նա կոնֆլիկտ է ունեցել սպանվածի հետ։
Այս առթիվ հարցին ի պատասխան Աբրահամ Մանուկյանն ասաց. «Լրիվ անհեթեթություն է: Չուգունը մեր ընտանիքին հարազատ մարդ է եղել: Մեծ տղայիս սանիկն է եղել»: