«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մենք գրել էինք, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը մի քանի ամիս առաջ գնել է Արտաշատի մեխանիկական-փորձարարական գործարանը: Թե ինչ պիտի արտադրի գործարանը պարզել չէր հաջողվել: Խորհրդային տարիներին այն արտադրում էր մետաղական պահեստամասեր և զենքի մասեր:
Ինչպես պարզեցինք այս օրերին հիմնանորոգվող գործարանում օլիգարխը մտադիր է տեքստիլի հումք արտադրել ընդլայնելով տեքստիլի արտադրության իր բիզնեսը: Մինչև տարեվերջ շահագործման կհանձնվի գործարանը, որն օրական մոտ 15 տոննա կտոր է արտադրելու: Սամվել Ալեքսանյանը, բացի այս, գնել է նաև Արտաշատում գտնվող մեկ այլ գործարան տրիկոտաժի ֆաբրիկան, որտեղ էլ տնային տեքստիլ ու սրբիչներ են արտադրելու: Ստացվում է մի գործարանում տեքստիլի հումքն է արտադրելու, մյուսում տեքստիլը: Մինչ այս օլիգարխը տեքստիլի հումքը ներմուծում էր դրսից Ուզբեկստանից, ՌԴ-ից, Եվրոպայից:
Նշված 2 գործարանը, հիշեցնենք, պատկանում էին Հովիկ Աբրահամյանին: Արտաշատում այս օրերին լուրեր են շրջում, թե նախկին վարչապետը վաճառքի է հանել նաև մեկ այլ Արտաշատի պահածոների գործարանի իր բաժնեմասը (մյուս բաժնետերը նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանի որդին է): Գնորդը, ըստ շրջանառվող լուրերի, դարձյալ Ալեքսանյանն է: Լուրի իսկությունը ճշտելու համար դիմեցինք Ալեքսանյանին պատկանող ընկերություններից մեկին, որտեղից հայտնեցին, թե անձը, ով իրավասու է պատասխանել այս հարցին, արձակուրդում է եկող շաբաթ կվերադառնա»:
Մանրամասները «Հրապարակ» թերթի այսօրվա համարում