Օրենսդրական փաթեթի հիմնավորման մեջ սևով սպիտակի վրա գրված է. «Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու իրավակարգավորումները սահմանված են Սահմանադրության 15-րդ «Սահմանադրության ընդունումը, փոփոխությունը եւ հանրաքվեն» գլխով: Ըստ այդմ, Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու երկու ճանապարհ է սահմանվում հանրաքվեի միջոցով կամ ԱԺ-ի երկու երրորդով Սահմանադրության 202-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն:
Սահմանադրության 15-րդ գլխում չկա ՍԴ դիմելու միջոցով Սահմանադրության փոփոխությունների նախագծի սահմանադրականությունը ստուգելու պարտադիր պահանջ: Նման պահանջ չկա ինչպես Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի դրվող նախագծի, այնպես էլ ԱԺ-ի կողմից Սահմանադրության փոփոխություններ կատարելու դեպքում:
ՀՀ Սահմանադրության 168-րդ «Սահմանադրական դատարանի լիազորությունները» հոդվածի 2-րդ կետը սահմանում է «2) մինչեւ Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաեւ հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը որոշում է դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը»: Նախ հարկ է նկատել, որ վերը նշված լիազորությունը Սահմանադրությունում ավելացվել է 2015 թվականին: Հին խմբագրությամբ Սահմանադրությամբ ՍԴ-ն նման լիազորությամբ օժտված չի եղել, 2005 եւ 2015 թվականներին սահմանադրական փոփոխության գործընթացին ՍԴ-ն որեւէ առնչություն չի ունեցել:
Միայն այն փաստը, որ ՀՀ Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ մասով ՍԴ-ին սահմանադրականության ստուգման լիազորություն է տրված, ինքնին չի կարող նշանակել, որ այդ լիազորության տիրույթում գտնվող բոլոր իրավակարգավորումները, առանց ՍԴ-ի լիազորության իրացման, չեն կարող տեղի ունենալ»: Ինչպես ասում են` մեկնաբանություններն ավելորդ են: Փաստացի իշխող մեծամասնությունը շրջանառում է նախագիծ` անգամ չթաքցնելով, որ այն հակասում է ՀՀ գործող սահմանադրությանը: Մարդիկ գտնում են, որ սահմանադրության դրույթը պահպանելը պարտադիր չէ, որովհետև նախկինում նման կարգավորում չի եղել:
Պարոնա’յք, աղջիկնե’ր և տղանե’ր, նախկինում չի եղել նաև սուպերվարչապետական համակարգ, որն այսօր կա և սիրով ընդունվել է Փաշինյանի և նրա թիմի կողմից: Նախկինում եղել է հզոր նախագահի ինստիտուտ, որն այսօր չկա: Նիկոլ Փաշինյանը սիրահոժար ընդունեց Հրայր Թովմասյանի գրած սահմանադրութան այն կետերը, որոնք իրեն մեծ իշխանություն են ապահովում, իսկ ահա այն կետերը, որոնք սահմանում են դատական իշխանության, մասնավարոպես ՍԴ-ի իրավունքները, համարում եք անընդունելի և ուզում եք խախտել դրանք: Մինչդեռ ցանկացած տրամաբանող մարդու համար պարզ է, որ այս լիոզորությունը ՍԴ-ին տրվել է որպես հակակակշիռ սուպերվարչապետության ինստիտուտին:
Գոնե հասկանո՞ւմ եք, որ Փաշինյանը փուռն է տալիս իր ողջ քաղաքական թիմին` առաջարկելով վավերացնել հակասահմանադրական օրինագիծ: Այս օրենքի նախագծին կողմ քվեարկող պատգամավորները, անկախ քաղաքական հայացքներից, երբևէ ստիպված են լինելու կանգնել սահմանադրական արդարադատության առջև և դատվել սահմանադրական կարգի տապալման հոդվածով: Այս իրողությունը հասկանալի է անգամ իրավաբանականի առաջին կուրսի ուսանողին: Փաստորեն Փաշինյանը մանդատի դիմաց շատ բարձր գին է պահանջում յուրայիններից: Կողմ քվեարկելով այս նախագծին` նրանք դառնալու են Նիկոլ Փաշինյանի յուրովի մահապարտները, քանի որ վավերացնելու են ապագայում դատվելու սեփական դատավճիռը:
Բայց, եթե անգամ այս խայտառակ նախագիծն ընդունվի, սահմանադրական փոփոխության նախագիծը ՍԴ-ի հետ համաձայնեցնելու ռիսկը, որից այդքան սարսափում է Փաշինյանը, միևնույնն է, չի չեզոքացվում: Բայց սա արդեն անդրադարձի առանձին թեմա է: