12 Մարտի, 2020

«Ժողովուրդ» թերթը գրում է. 

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով Երևանի քաղաքապետարանի ներսում իրավիճակն այնքան էլ հանգիստ չէ, իսկ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այս օրերին արձակուրդում է: Եվ մինչ քաղաքապետի թիմակիցները և այն մարդիկ, որոնք Մարությանին առաջադրել են Երևանի քաղաքապետի պաշտոնում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ լծված են սահմանադրական փոփոխությունների «ԱՅՈ»-ի քարոզարշավի գործին, քաղաքապետը որոշել է կարճատև արձակուրդի մեկնել Չեխիա աներոջ մոտ: Սակայն հետաքրքիր է, որ քաղաքապետի արձակուրդում գտնվելու հանգամանքը հայտնի չէր, քանի դեռ չէր հրապարակվել ավագանու նիստ գումարելու մասին որոշումը, որը ստորագրել է այժմ քաղաքապետի պարտականությունները կատարող Հրաչյա Սարգսյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանից փորձեց պարզել ինչով է պայմանավորված քաղաքապետի արձակուրդը: Պարզվեց` Կարապետյանը ևս գտնվում է արձակուրդում, բայց պատասխանեց. «Արձակուրդը պայմանավորված է ՀՀ աշխատանքային օրենսգրքով»: Սակայն նա հրաժարվեց ասել, թե որտեղ է իր արձակուրդն անցկացնում Հայկ Մարությանը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով քաղաքապետարանում իրավիճակը հանգիստ չէ, և անգամ ներսում չեն բացառում, որ ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո Հայկ Մարությանը լքի իր պաշտոնը: Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունն անթաքույց ամբողջ կազմով չի մասնակցում ավագանու նիստերին, շատերն էլ կեսից հեռանում են` ցույց տալով իրենց վերաբերմունքը»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Լրահոս