31 Օգոստոսի, 2021

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ՀՔԾ-ում ԱԺ միջադեպի գործով պատգամավորների հարցաքննությունից: Մասնավորապես, մեզ հասած լուրերի համաձայն ՀՔԾ քննիչը «Հայաստան» խմբակցության, ինչպես նաեւ ՔՊ պատգամավորներին կոնկրետ հարցեր է տվել ինչից սկսվեց կռիվը, ով է իրենց հարվածել, ինչ բողոք ունեն, ում դեմ բողոք ունեն:

Մեզ հասած լուրերի համաձայն «Հայաստան» խմբակցության հարցաքննված պագամավորները քննիչին ասել են, որ եղել է խմբակային խուլիգանություն, կան տեսաձայնագրություններ, թող նայեն եւ տեսնեն, թե ով ում ինչպես է հարվածում: Ի դեպ, մեզ հասած լուրերի համաձայն հարցաքննված պատգամավորներից եղել են անձինք, որոնք ՀՔԾ քննիչին կոնկրետ անուն են տվել:

Մասնավորապես, մեր տեղեկությունների համաձայն «Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Գեղամ Նազարյանը տվել է ԱԺ պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի անունը: Ավելին այլ ՔՊ-ական պատգամավորների անուններ եւս տրվել են, եւ նշվել է, թե նրանք ինչ են արել:

Ի դեպ, Նազարյանը պատմել է, որ մտել է նիստերի դահլիճ, առաջին պատկերը, որ տեսել է, եղել է հետեւյալը. բորենիների նման չորս-հինգ ՔՊ-ական ընկած են եղել Արթուր Ղազինյանի վրա եւ հարվածել են նրա գլխին եւ մարմնի տարբեր մասերին: Հարվածել են այնպես, կարծես հենց նոր իրենց ձեռքն են ընկել Ալիեւն ու Էրդողանը:

Ակնհայտ էր, որ պարագլխից ունեին հրահանգ փոքր խմբերով հարձակվել նախապես որոշված թիրախների վրա: Նազարյանը նշել է, որ նրանց մեջ է եղել ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը։ Նա ընդգծել է հիշում է Արսեն Թորոսյանը բանակից ազատվել էր իբր առողջական խնդիրների պատճառով, բայց լավ էլ հարձակվում էր խաղաղ կանգնած գործընկերոջ վրա, ձեռքերով հարվածում եւ քացիներ տալիս։

Նազարյանը պատմել է, որ երբ փորձել է օգնել Ղազինյանին, հենց այդ ժամանակ ոմն ՔՊ-ական հարվածել է ուղիղ աչքին, որից անմիջապես հետո մի որոշ ժամանակով կորցրել է տեսողությունը»:

Ավելի մանրամասն «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։   

 

Լրահոս