Օգոստոսի 23-ին «գանգուղեղային վնասվածք, հեմատոմա, սրտամկանի սուր ինֆարկտ, ձախ քունքոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 60-ամյա մի տղամարդ։
Ոստիկանությունից հայտնում են, որ նա ի վիճակի չէր բացատրություն տալու, իսկ հարազատները հիվանդանոցում հայտնել էին, որ տղամարդը 3 օր առաջ Արտաշատում ընկել է:
Հարազատների հայտնած տեղեկությունը իրավապահներին արժանահավատ չէր թվացել։ Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները ձեռնարկեցին միջոցառումներ եղելությունը պարզելու ուղղությամբ։
Կարճ ժամանակ անց ստացվեցին տվյալներ, որ հիվանդանոց տեղափոխված տղամարդը օգոստոսի 20-ին ոչ թե ընկել էր, այլ Մրգավան գյուղում գումարային հարցերի շուրջ վիճել էր 56-ամյա համագյուղացու հետ, որի ընթացքում իրար հարվածներ էին հասցրել։
Մրգավանի 56-ամյա բնակիչը կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Արտաշատի բաժին։ Նա խոստովանեց, որ վիճաբանության ժամանակ ինքը ձեռքով խփել է 60-ամյա տղամարդու դեմքին, նա էլ բերանքսիվայր ընկել է:
Սեպտեմբերի 2-ին հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է։
Նշանակվել են փորձաքննություններ։
Հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է։