23 Մարտի, 2022

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ԱԺ մարտի 23-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Նախարարը նշել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ձեւավորված միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստերում «Կառուցապատողների ասոցիացիա» ՀԿ ներկայացուցիչները բարձրաձայնել են հողամասերի ընդլայնման խնդիրը:

Առաջարկվում է վերացնել օրենսգրքի՝ պետության եւ համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերի ուղղակի վաճառքին առնչվող սահմանափակումը, որը կատարվում է քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող կառուցապատված հողամասերի, ինչպես նաեւ գյուղատնտեսական նշանակության հողամասերի ընդլայնման համար: Ընթացիկ կարգավորումը նախատեսում է սահմանափակում, այն է՝ նախքան ընդլայնելն անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա պետք է առկա լինի որեւէ շինություն, իսկ հողամասի ընդլայնման նպատակով հողամաս կարող է տրամադրվել միայն մեկ անգամ:

Նախագծով առաջարկվում է հանել նշված երկու սահմանափակումները, քանի որ դրանք արհեստական խոչընդոտ են ստեղծում կառուցապատողների համար: Վերջիններս հաճախ ստիպված են լինում որեւէ շինություն կառուցել հողամասի վրա՝ կատարելով ձեւական պահանջը:

Վահան Քերոբյանի համոզմամբ՝ նախագծի ընդունումը կնպաստի կառուցապատման ոլորտում առկա խոչնդոտների նվազեցմանը եւ գործարար միջավայրի բարելավմանը:

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Լիլիթ Կիրակոսյանը:

 

kotayk

Լրահոս