24 Հունվարի, 2017

ԱՆ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի անվանն առնչվող Պանամայի օֆշորային գործարքների հետ կապված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործով վարույթը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով։

Միհրան Պողոսյանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․

«Արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանին վերագրվող օֆշորային հայտնի հրապարակումները եւ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում այդ նյութերով հարուցված քրեական գործը անցած ավելի քան 8 ամիսների ընթացքում եղել է պատկան մարմինների, հասարակության լայն շրջանակների անաչառ ուշադրության կենտրոնում:

Քրեական վարույթի իրականացման ընթացքում աջակցություն ենք ցուցաբերել Հատուկ քննչական ծառայությանը, իսկ իրականությանը չհամապատասխանող հրապարակումների վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն ենք տվել հասարակությանը եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին:

Ի թիվս մամուլի հրապարակումներում առկա հարցապնդումները հերքող մի շարք այլ փաստաթղթերի ներկայացվել է, օրինակ, օֆշորային ընկերությունների եւ Միհրան Պողոսյանին վերագրվող հաշիվների առկայության վերաբերյալ շվեյցարական LGT բանկի հայտնի հերքումը, որով փաստվում է, որ բանկային հաշիվներ չեն բացվել, հետեւաբար չկա ֆինանսական շարժ, ուստի եւ խոսք չի կարող լինել ձեռնարկատիրական գործունեության մասին»:

Ուշագրավ է, որ նման կարևորագույն գործով ոչ թե պատկան մարմինն է հաղորդագրություն տարածում, այլ շահագրգիռ կողմերից մեկը։

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը Պանամայում գրանցված հետեւյալ ընկերությունների բաժնետեր է` «Սիգթեմ ռեալ իսթեյթ ինքորփորեյթիդ» (Sigtem Real Estates Incorporated), «Հոփքինթեն թրեյդինգ ինքորփորեյթինգ» (Hopkinten Trading Incorporated), «Բանջիո ինվեստ» ԲԸ-ին (BANGIO INVEST S.A.), իսկ, ահա, «Սիգթեմ ռեալ իսթեյթ ինքորփորեյթիդ» եւ «Հոփքինթեն թրեյդինգ ինքորփորեյթինգ» ըկերությունները հավասարապես կիսում են Հայաստանում գրանցված «Բեսթ ռեալթի» ՍՊԸ-ի բաժնեմասը: Ի դեպ , «Բեսթ ռեալթի» ՍՊԸ-ն էր իրականացրել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի գնահատումը ԴԱՀԿԾ-ի վարույթի շրջանակներում այն գնահատելով ընդամենը 25,8 մլրդ դրամ, ուստի պարզ է, թե ինչու էր գնահատողի հետ մեկտեղ 2014 թ. հուլիսին ամբողջ ԴԱՀԿԾ-ն գտնվում համալիրում:

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Լրահոս