SAMSHYAN.com-ի տեղեկություններով ոստիկանության Նաիրիի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում ապրիլի 15-ին ոստիկանության Նաիրիի բաժին ստացված ահազանգի փաստով։
Այդ օրը, ժամը 10։00-ի սահմաններում ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացուց, ով հայտնել է, որ Նոր Գեղիի շինանյութի բազայում ոմն Գագոն և մոտ 15 անձինք նախորդ օրը ժամը 20։00-ից մինչև 02։00-ն ընկած ժամանակահատվածում զրուցել են իր բարեկամի տղայի Արմանի հետ, ինչն այնուհուտև վերածվել է ծեծկռտուքի, որից հետո նշված անձինք սպառնացել են, որ Արմանը չհամարձակվի դիմել ոստիկանություն, ապա վերցրել են իր բարեկամի հողի սեփանակության փաստաթղթերը, տան վկայականը և ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը քրեական հետախուզության բաժանմունքի պետ Մխիթարյանի գլխավորությամբ։ Մինչ ահազանգող քաղաքացին նաև բողոքել է, թե Նաիրիի ոստիկաններն իր հեռախոսազանգը թողել են անհետևանք, ոստիկաններն, առանց աղմուկի, ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ, պարզել են, որ ոմն Արմանը հանդիսանում է Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Արմեն Ս․-ն, իսկ ոմն Գագոն Կոտայքի մարզի բնակիչ 48-ամյա Գագիկ Մ․-ն։
Ոստիկանները պարզել են նաև, որ ապրիլի 15-ին ժամը 20։00-ից մինչև 23։50-ն ընկած ժամանակահատվածում նշված վայրում ծագած վիճաբանության ժամանակ Գագիկ Մ․-ի եղբայրը Կոտայքի մարզի բնակիչ 42-ամյա Գարիկ Մ․-ն, մի քանի անգամ հարվածներ է հասցրել Արմեն Ս․-ին։ Գ․ Շամշյանի տեղեկություններով Գագիկ Մ․-ն աշխատում է «Կարոգ Շին» ՍՊԸ տնօրեն, իսկ Գարիկ Մ․-ն «Բլոկ Շին» ՍՊԸ տնօրեն։