27 Հուլիսի, 2026

Տարիներ են անցել, փոխվել են նախագահներ, վարչապետներ, նախարարներ, ոստիկանապետեր, սակայն կան բիզնեսներ, որոնք, կարծես, անսասան են մնում՝ անկախ քաղաքական փոփոխություններից։ Այդպիսի օրինակներից մեկը Սևանից դեպի Շորժա տանող ճանապարհին գործող «Արևիկ» առողջարանն է։

Տասնամյակներ շարունակ տարբեր շրջանակներում հարցեր են հնչել այս բիզնեսի շուրջ։ Ինչպե՞ս է այն կարողացել ոչ միայն պահպանել իր դիրքերը, այլև շարունակել գործունեությունը բոլոր իշխանությունների օրոք։ Ո՞րն է դրա հաջողության գաղտնիքը՝ բացառապես արդյունավետ կառավարո՞ւմը, թե՞ ազդեցիկ կապերն ու հովանավորությունը։

Տարիներ առաջ հանրային դաշտում ակտիվորեն քննարկվում էին առողջարանի հնարավոր կապերը նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Մասնավորապես, շրջանառվում էին տեղեկություններ նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի և առողջարանի տնօրենի՝ Վատո Գրիգորյանի հարաբերությունների վերաբերյալ։ Այս տեղեկությունները, սակայն, մինչ օրս չեն ստացել իրավական կամ պաշտոնական գնահատական, և դրանց վերաբերյալ հստակ պատասխաններ կարող են տալ միայն իրավասու մարմիններն ու փաստերը։

Սակայն այսօր իրավիճակն այլ է։ Նախկին իշխանությունները վաղուց այլևս իշխանություն չեն, բայց «Արևիկ»առողջարանը շարունակում է գործել նույն հանգիստ ռեժիմով։ Եվ այստեղ առաջանում է նոր հարց,եթե նախկին կապերն այլևս չեն գործում, ապա ո՞րն է այն գործոնը, որը տարիներ շարունակ ապահովում է այս բիզնեսի անխափան գործունեությունը։

Մեր այցելության ընթացքում արձանագրած պատկերն առնվազն բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Տարածքի մաքրության վիճակը, սեղանների հարևանությամբ կուտակված աղբը, միջատների առկայությունը, սննդի որակի վերաբերյալ մտահոգությունները և ընդհանուր սանիտարական պայմանները դժվար էր համատեղել «առողջարան» հասկացության հետ։

Եթե այս ամենը համապատասխանում է իրականությանը, ապա անխուսափելի հարց է առաջանում՝ որտե՞ղ են վերահսկող մարմինները, ե՞րբ է վերջին անգամ իրականացվել պատշաճ ստուգում, և ինչպիսի՞ եզրակացություններ են արձանագրվել։ Եթե տնտեսավարողը գործում է օրենքի սահմաններում և համապատասխանում է բոլոր սանիտարահիգիենիկ ու անվտանգության չափանիշներին, ապա դա պետք է լինի բաց և թափանցիկ՝ հրապարակված ստուգումների արդյունքներով։ Իսկ եթե կան խախտումներ, ապա հասարակությունն իրավունք ունի իմանալու, թե ինչու դրանք տարիներ շարունակ չեն վերացվում և ով է կրում պատասխանատվությունը։

Ի վերջո, հարցը միայն մեկ առողջարանի մասին չէ։ Խնդիրն այն է, թե արդյո՞ք Հայաստանում բոլոր տնտեսավարողների նկատմամբ գործում են նույն վերահսկողության չափանիշները, թե կան բացառություններ, որոնք անկախ իշխանափոխություններից շարունակում են մնալ անձեռնմխելի։

Հանրությունն այս հարցերի շուրջ սպասում է ոչ թե լռության կամ ենթադրությունների, այլ փաստերի, պաշտոնական պարզաբանումների և հավասար վերաբերմունքի օրենքի առաջ։

 

Լրահոս